ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ բավական ծանր օրեր են սպասվում. Արա Պապյան. Տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի նախագահն ասաց, որ Արցախի հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու. դա նշանակում է, որ զիջումներ լինելու են, զիջումների գնալու է նաեւ Ադրբեջանը, բայց չգիտենք, թե ինչ զիջումների մասին է խոսքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Կազանի փաստաթղթով, որին Սերժ Սարգսյանը համաձայնություն տվել է, հայկական կողմը հանձնում է 5+2 շրջանները, այսինքն՝ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները, փոխարենը ստանալով միջանկյալ կարգավիճակ: Դա նշանակում է՝ պարզապես հանձնել Ղարաբաղը եւ Զանգեզուրը: Եթե հանձնում ենք Ղարաբաղը, հետո կորցնում ենք Զանգեզուրը, դրանից հետո Հայաստանը չի էլ կարող գոյատեւել: Այս դեպքում զիջումը խաղաղություն չի բերում»,- ասաց Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Ալիեւի հայտարարությունից, որ Հայաստանն օկուպացրել է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ շրջակա յոթ շրջանները, ցույց է տալիս, որ նրանց համար նույնիսկ Կազանի տարբերակն ընդունելի չէ:

«Մեր իշխանությունների ամբողջ սխալն այն է, որ նրանք կա՛մ պետք է հզոր տնտեսությամբ եւ հզոր բանակով Հայաստան ստեղծեին, կա՛մ, եթե չէին կարող, հրաժարական տային: Հիմա էլ են ասում՝ չգիտենք, ինչ անենք: Չգիտեք՝ գնացեք, թող գան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ եւ ինչպես պետք է անել: Ասել, թե հողերը կտանք եւ հարցը կլուծվի, չի՛ լուծվի: Եթե լուծվեր, գուցե կարելի էր մտածել, թեեւ դա անգամ դավաճանություն է: Իսկ ադրբեջանական կողմի հաջորդ նպատակակետը լինելու է Սյունիքը»,- վստահ է փորձագետը:

Նա նաեւ արձանագրում է. ռուս-ադրբեջանական մերձեցումը խիստ տարօրինակ է, մեր դաշնակիցը մեր թշնամու հետ է համագործակցում, եւ մեզ բավական ծանր օրեր են սպասվում: «Կա՛մ Հայաստանը պիտի լուծի Ադրբեջանի հարցը, կա՛մ Ադրբեջանը՝ Հայաստանի: Հակամարտությունն արդեն Ղարաբաղի շուրջ չէ, այն դարձել է հայ-ադրբեջանական, ավելին՝ անգամ հայ-թուրքական հակամարտություն»,- հայտարարեց Պապյանը՝ վստահություն հայտնելով, որ Էրդողանի եւ Պուտինի այսօրվա հանդիպումը նույնպես հակահայկական շեշտադրումներ է ունենալու:

Այսօր ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան, ըստ փորձագետի, մեկուսացված երկրներ են եւ մերձենալու խնդիր ունեն, բայց դա չի կարող երկարաժամկետ բնույթ կրել, քանի որ «Թուրքիայի վերջնական նպատակը Ռուսաստանի քայքայումն է, Ռուսաստանն իր հերթին չի կարող գոյատեւել առանց Արեւմուտքի ֆինանսական եւ տեխնոլոգիական օգնության»:

«Հայաստանի միակ փրկությունը Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելն է, քանի որ Պեկինը շահագրգռված է իսլամական պատնեշի դեմն առնելու հարցում, նաեւ Արեւմուտքի հետ մերձեցումը, որն իր հերթին շահագրգռված չէ, որ Ռուսաստանը միահեծան իշխանություն ունենա Հարավային Կովկասում: Եթե մենք կարողանանք դա անել, իսկ այստեղ դիվանագիտական մեծ հմտություններ են պետք, կխուսափենք վտանգավոր զարգացումներից, եթե չենք կարողանա, բնականաբար, մեզ կպարտադրեն հանձնել հինգ շրջանները: Իսկ եթե չհանձնենք, պատերազմ կխաղարկեն, զոհեր կտանք, լուրջ դիմադրելու հրաման չի լինի, իսկ հետո ղեկավարությունը կասի՝ պարտվեցինք»,- եզրափակեց Արա Պապյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular