ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են ապօրինի ձերբակալություններն ու հետապնդումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Օգթայ Գուլալիևի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Գուլալիևը:

Իրավապաշտպանի հաղորդմամբ՝ ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

«Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Գյանջայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, հուլիսի 10-ից սկսած  ձերբակալվել է մոտ 100 մարդ, իսկ պաշտոնական տվյալներով՝ 52 մարդ»,-հայտնել է նա:

Հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատել են երկրի իշխանություններին և ողջունել Յունիս Սաֆարովի կողմից Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը:

Գուլալիևի փոխանցմամբ՝ այս դեպքերի ֆոնին Ադրբեջանում արգելափակվել է առնվազն 4 ինտերնետային պարբերական:

Գուլալիևը նշել է, որ Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

«Գյանջայում հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն, շատ բան հստակ չէ, քանի որ անկախ մեդիան ոչնչացված է, դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում դեպքերի ընթացքն արտացոլող տեսանյութեր»,-ասել է Գուլալիևը:

 Գուլալիևը նշել է նաև, որ քաղբանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և ճնշումների, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, նրանց մեջ կան հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, սակայն համապատասխան բուժում չի ցուցաբերվում:

 Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:

Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Լայնամասշտաբ հոսանքազրկումն ու Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը նոր դժգոհությունների ալիք են բարձրացրել Ադրբեջանի հասարակության շրջանում, ինչը իշխանությունները փորձում են ճնշել իրենց սովոր միջոցներով՝ զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular