Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹԳյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հուլիսի 16-ին, ցուցադրվեց բրիտանահայ ռեժիսոր Կարո Բերբերյանի «Դանիել» կինոնկարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող կարճամետրաժ կինոնկարը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Անգլերեն հատվածներում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Շոն Բինը ներկայացնում է Բեն Հոջսոնի բանաստեղծությունները, իսկ մյուս մասում Դանիել Վարուժանի պոեզիան է, որն արևմտահայերենով ներկայացնում է Եղիա Աքգունը: Վարուժանի դերը միանգամից երկուսն են մարմնավորում՝ ձայնը Եղիայինն է, իսկ հերոսին մարմնավորել է դերասան Տիգրան Գաբոյանը:
Կինոժապավենում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտական ստեղծագործությունները:Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Գյումրիում: Քանի որ կադրում գյումրեցի դերասաններն են, ֆիլմը չէր կարող չներկայացվել գյումրեցի հանդիսատեսին: Ֆիլմի ցուցադրությունից հետո, ապրումներն առավել ամբողջացան ասմունքով: Դերասաններ Տիգրան Գաբոյանը և Եղիա Աքգունը ներկայացրին Վարուժանի կյանքը՝ բանաստեղծություններով և նամակներով։