ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսինե Խանջյանը ֆիլմ կնկարահանի Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

 Հայաստանի ամենազորավոր ուժն իր մշակույթն ու արվեստագետներն են: Դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արվեստագետների պակաս ընդհանրապես չկա: «Արարատ», «Արտույտների ագարակը», «Սպին», «Օրացույցը» և այլ ֆիլմերից հայտնի դարձած ու սիրված դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնին: «Արմենպրես»-ը Խանջյանի այցի ընթացքում հնարավորություն ունեցավ զրուցելու հայտնի դերասանուհու ու պրոդյուսերի հետ կինոփառատոնի, ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ համագործակցության ու առաջիկա ծրագրերի մասին:  

Արսինե Խանջյանը՝ «Ոսկե ծիրանի» մասին

«Ոսկե ծիրանը» ծնվեց ու զորացավ դժվար պայմաններում: Մշակույթի ոլորտն ամենահեշտ ասպարեզը չէ: «Ոսկե ծիրանը» հավատում էր, որ Հայաստանի համար կարևոր է նման փառատոնը, կարևոր է նման ներդրում ունենալ մշակույթում: Եվ փառատոնի նախաձեռնողները, անտեսելով դժվարությունները, տարիներ շարունակ աշխատեցին՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով: Եվ դրա շնորհիվ «Ոսկե ծիրանը» դարձավ համաշխարհային երևույթ՝ ի պատիվ և ի նպաստ Հայաստանի:

Սերն ու կինոն

Մենք սփյուռքում մշակույթի նկատմամբ մեծ սեր ունենք: Մենք դպրոցներում, մշակութային հաստատություններում ստեղծել ենք թատերական խմբակներ: Բայց դրանք կիսապրոֆեսիոնալ խմբակներ են:

Հայրս և հորեղբայրս ևս հանդես էին գալիս նման խմբակների ներկայացումներում: Ես Կանադայում հայտնվեցի 17 տարեկանում: Ուսումնասիրել եմ հենց թատերական արվեստ: Մասնագիտությամբ առաջին հերթին թատրոնի դերասանուհի եմ: Դրանից հետո համալսարանում լեզուներ եմ ուսումնասիրել, իսկ մագիստրատուրայում քաղաքագիտություն եմ սովորել: Շատերը դրա մասին չգիտեն, և չեն անդրադառնում իմ գործունեությանն այս ոլորտում: Բայց, իսկապես, իմ ամենամեծ հետաքրքրությունը քաղաքագիտությունն է: Եվ իմ ավարտական աշխատանքը վերաբերում էր մշակույթի և քաղաքականության հարաբերությանը:

Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան

Թատրոնի շնորհիվ հանդիպեցինք Ատոմի հետ: Մոնրեալում հայերեն կիսապրոֆեսիոնալ թատրոնում էի աշխատում, չէի էլ երևակայում, որ պետք է կարողանամ դերասանուհի դառնալ: Ուզում էի քաղաքագիտական գործունեության անցնել: Արդեն մագիստրատուրայում էի սովորում, և այդ ժամանակ ծանոթացանք: Ատոմն իր առաջին նախագիծն էր անում՝ «Հարազատներ» ֆիլմը: Նա հայ դերասաններ էր փնտրում: Մասնակցեցի լսումների, և նա, ըստ երևույթին, հավանեց իմ դերասանական կարողությունները: Եվ այդ կերպ 1984-ից ի վեր միասին ենք:

Էգոյանի հետ աշխատելու առավելությունները

Ատոմի հետ հեշտ է աշխատել, որովհետև նա շատ տաղանդավոր բեմադրիչ է: Շատ է հարգում դերասաններին: Երբ գրում է իր սցենարները, միշտ մտքում պահում է այն դերասաններին, որոնց հետ կցանկանար աշխատել: Եվ շատ ազատ հարաբերություններ է հաստատում իր բոլոր դերասանների հետ:

Ես շատ այլ կինոռեժիսորների հետ էլ եմ աշխատել Ֆրանսիայում, Կանադայում, համագործակցել եմ տարբեր ֆիլմերում: Ատոմի դեպքում պետք է ասեմ, որ լինելով իր կողակիցը, երբեմն ավելի հեշտ է աշխատելը, երբեմն՝ ավելի բարդ: Ծանոթ ենք միմյանց մտածելակերպին, և եթե համաձայն ենք, շատ ավելի հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս: Իսկ եթե չենք համաձայնում, սկսում ենք իրար դեմ պայքարել: Թե՛ առավելություններ կան, թե՛ թերություններ: Բայց նրա հետ աշխատելու առավելությունները շատ ավելին են:

Խանջյան-Էգոյան. ամենասիրելի ֆիլմերը

Կառանձնացնեմ «Օրացույցը» և «Արարատը»: Երկուսն էլ կարևոր են, և շատ եմ սիրում, բայց տարբեր պատճառներով:  «Օրացույցը» մեր առաջին ֆիլմն էր Հայաստանում, 1992-ին եկանք այստեղ: «Օրացույցն» ինձ համար շքեղ անդրադարձ է: Առաջին անգամ էինք առանց սցենարի աշխատում, ըստ օրվա նկարահանումների՝ ստեղծում էինք ֆիլմը:

Իսկ «Արարատն» առանձնացնում եմ, որովհետև շատ կարևոր թեմա է արծարծում, անդրադարձ է Ցեղասպանությանը: Կարծում եմ, որ Ատոմը միակն է Ցեղասպանության մասին ֆիլմեր նկարած հայ և արտասահմանցի ռեժիսորներից, որ անդրադարձել է ոչ թե հատկապես Ցեղասպանության պատմությանը, այլ Ցեղասպանության իրողության հերքմանը ներկա ժամանակներում: Եվ այս առումով երկու ֆիլմերը շատ կարևոր գործեր են:

Առաջիկա ծրագրեր

Երկու նախագիծ կա, որ տարբեր ժամանակներում պետք է կայանան: Մեկը թատերական է. Չեխովի «Բալենու այգին» ներկայացման մեջ պետք է գլխավոր դերը խաղամ: Գեղեցիկ գործ է, իմ ամենասիրած թատերական գործերից է: Ներկայացվելու է Տորոնտոյում: Բացի այդ, պետք է որպես կինոռեժիսոր ֆիլմ նկարահանեմ Երուսաղեմի հայկական թաղամասի մասին: Նախագծի անունը Quarters է (թարգմանաբար՝ թաղամասեր, քառորդներ): Երուսաղեմը բաժանված է չորս թաղամասի, այնտեղ հայկական թաղամասն առանձին է, և ես պիտի անդրադառնամ հենց հայկական թաղամասին:

Այս նախագիծը հոյակապ է ինձ համար, առաջին անգամ հանդես եմ գալու իբրև ռեժիսոր-բեմադրիչ: Այդ փորձը չեմ ունեցել մինչև հիմա: Ինձ հետ այլազգի ռեժիսորներ էլ են աշխատելու, ամեն մեկն իր թաղամասի մասին է նկարելու: Ես հայկական թաղամասի մասին ֆիլմի վրա պետք է աշխատեմ: Պետք է ասեմ, որ ֆիլմերից ամեն մեկը 30 րոպե տևողություն է ունենալու, և այդպիսով լինելու է չորս ֆիլմ:  

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular