Մշակութային քաղաքականության ստեղծմամբ չպետք է զբաղվեն բացառապես մշակութային գործիչները. Արա Խզմալյան
ՄՇԱԿՈՒՅԹՎեց տասնյակ պրոֆեսիոնալներ՝ վերականգնողներ, թվայնացման մասնագետներ, արխիվագետներ, թանգարանագետներ տարբեր երկրներից սեպտեմբերի 12-16-ը Երևանում կմասնակցեն «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին: Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող միջոցառումը փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ է դարձել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջությանզարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը պատմում է միջազգային սեմինարի, մշակույթի ոլորտի խնդիրների, մշակութային քաղաքականության ձևավորման և այլ մշակութային թեմաների մասին:
«Հիշողության կերպարանքները»
Սեպտեմբերին շուրջ 60 առաջնակարգ մասնագետներ ենք ընդունելու ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Վերականգնողներ, թվայնացման մասնագետներ, արխիվագետներ, թանգարանագետներ տարբեր երկրներից արդեն 8-րդ տարին գալու են Հայաստան: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինն ահռելի փորձ ունի գրական ժառանգության վերականգնման և պահպանման ոլորտում, մեր մասնագետները իրենց փորձն են ներկայացնելու, դրսից եկածներն՝ իրենց փորձը: 4 օր շարունակ քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք առնչվում են գրավոր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:
ԱՊՀ և Եվրոպական երկրների տարածքում սա այն բացառիկ հարթակն է, որը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնագետներին և փորձի փոխանակման, հրատապ հարցերի քննարկման արտակարգ հնարավորություն է տալիս: Ամեն մեկը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերումներ ունի, ինչ նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ է կիրառում ոլորտում և այլն:
Արտասահմանցիները և հայ մշակույթը
Արտասահմանցիներին շատ է հետաքրքրում մեր մշակույթը: Առաջին հերթին հետաքրքրում է այն, ինչը բացառիկ է. մեր միջնադարյան հոգևոր արժեքները, հնագույն նախաքրիստոնեական շերտերը, որոնք մենք աշխատում ենք հնարավորինս գրագետ և ճիշտ «փաթեթավորել» և ներկայացնել զբոսաշրջիկներին:
Մենք արատավոր պատկերացում ունենք մշակույթի մասին: Այս աշխարհաքաղաքական վայրիվերումներում, երբ մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, մենք, ցավոք, մշակույթ ասելով դեռ հասկանում ենք ժամանցային բնույթ ունեցող դրսևորումները և չենք պատկերացնում մշակույթի իրական դերը պետության միջազգային դիրքավորման, պետության վարկանիշի բարձրացման գործում: Այս առումով մենք գոյաբանական մարտահրավերներ ունենք տարբեր հարթություններում:
Մշակութային քաղաքականության ձևավորում
Սա առաջին բանն է, որն անհրաժեշտ է այսօր իրականացնել: Իմ խորին համոզմամբ՝ մշակութային քաղաքականության ստեղծմամբ չպետք է զբաղվեն բացառապես մշակութային գործիչները: Երբեք մշակութային քաղաքականությունը զուտ մշակութային գործիչներով չի ձևավորվում: Մի բան է մշակույթը՝ որպես ստեղծագործական գործընթաց, մեկ այլ բան է՝ մշակութային քաղաքականությունը:
Առաջին՝ մշակութային քաղաքականության ձևավորման մեջ պետք է ընդգրկված լինեն մի շարք գերատեսչություններ, սա միջգերատեսչական խնդիր է: Երկրորդ՝ դա ոչ միայն ներքին սպառման խնդիր է, այլև երկրի ճանաչելիության, պաշտպանության հարց է: Եվ քանի դեռ մենք մշակույթն ընկալում ենք որպես տնտեսությունից և քաղաքականությունից ածանցված ոլորտ, մենք միշտ ստորադասելու ենք այն և չենք օգտագործելու այն ահռելի ռեսուրսը, որ ունի մշակույթը:
Մշակույթը պետք է լինի բոլոր մյուս ոլորտների առաջատարը:
Մշակույթը մարզերում և մայրաքաղաքում
Այս համատեքստում մի քանի կարևոր խնդիրներ կան: Նախ՝ պետք է ճշտել մշակույթի նախարարության գործառույթները: Կյանքի նոր մարտահրավերների պարագայում շարունակել ոլորտը կարգավորել մշտական մեխանիզմներով այլևս անհնար է: Պետք է հասկանանք՝ ինչպես պետք է կառավարվի մշակույթը մայրաքաղաքում և մարզերում: Մենք այսօր համահարթեցված մոտեցում ունենք, որը սխալ է: Եթե Երևանում կենտրոնացված է կապիտալը և բիզնեսը, չի կարող մայրաքաղաքի մշակութային հաստատությունը ֆինանսավորվել նույն սկզբունքով, ինչ մարզերում և համայնքներում, որտեղ տնտեսությունը գիտենք, թե ինչ վիճակում է: Պետք է մշակութային հաստատությունների ֆինանսավորման տարբերակում մտցնել: Մենք ունենք վիրահատական միջամտության անհրաժեշտություն, որը լինելու է ցավոտ, դժվար, բայց՝ կարևոր:
Մենք շարունակում ենք ֆինանսավորել բազում մշակութային հաստատությունների, որոնք մշակութային արտադրանք չեն տալիս, որևէ կերպ չեն նպաստում երկրի ճանաչելիության բարձրացմանը: Խնդիր ունենք վերանայելու պետական աջակցության քաղաքականությունը:
Մշակույթի նախարարության խնդիրներից պետք է լինի բարենպաստ օրենսդրական բարեփոխումներ կատարելը, երբ հովանավորչությունը սկսի ընկալվել որպես նպաստավոր գործունեություն: Բացի դրանից քաղաքական հաղորդագրություն է պետք ուղարկել երկրի կապիտալին տիրապետողներին, ստեղծել համապատասխան մթնոլորտ, որտեղ ամեն մի աջակցություն մշակույթին խրախուսվում և մեծարվում է: Այդպիսով կբեռնաթափենք նաև պետական բյուջեի բեռը:
Մշակութային գործիչները և հանրակրթական հաստատությունները
Շատ ենք խոսում՝ իսկ ինչպես անենք, որ ունենանք մշակույթն ընկալող հասարակություն: Տարիներ շարունակ կրթությունն անջրպետվել է մշակույթից: Միայն ներկայացում, համերգ նայելը բավարար պայման չէ: Ես առաջարկում եմ, որ դպրոցները հայտարարեն բաց դռների քաղաքականություն, այսինքն՝ հասարակական ճանաչում ունեցող մարդիկ պետք է այցելեն դպրոցներ, աշակերտի հետ շփվեն դասերից դուրս՝ մշակույթը դարձնելով հետաքրքիր: Մենք պիտի ապահովենք ստեղծագործական և մշակութային կապիտալի ներհոսք դեպի դպրոց:
Ակնկալիք ունեմ, որ կկազմակերպվի մշակույթի վերաբերյալ քաղաքական քննարկում: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Հուրախություն ինձ՝ միանգամայն ընդունելի են իմ տեսակետները: Ակնկալում եմ նաև համատեղ աշխատանք:
Ամփոփելով, նշեմ, որ մենք պետք է ամբողջապես վերանայենք «մշակույթ» հասկացության նշանակությունը այսօրվա մեր իրականության մեջ և համաշխարհային գործընթացների համատեքստում:
Ռոզա Գրիգորյան