ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել «թավշյա հեղափոխության» հաղթանակը տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես Հայկ Մարությանի օգտին. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին: Այս մասին այսօր Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երևանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»,- վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, քանի որ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո:

 

«Այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց նա:

Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը դաշինքի», այլ ժողովրդի թեկնածուն է. «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի և մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը: Եվ նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ»,- ասաց նա:


Վարչապետը նաև հայտնեց, թե ինչու է դաշինքը հանդես գալիս Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով: Ըստ նրա՝ Հ. Մարությանի թեկնածությունն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որը դրված է ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հաղթարշավի հիմքում:

«Հիշո՞ւմ եք, ես ասել եմ, որ ՀՀ-ում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն և ոչ պարապության քարոզչություն: ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը և պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: Հին մոդելով որևէ հարցում հաջողություն ունենալու համար դուք պետք է ունենաք լավ ծանոթ, հնարավորինս շատ կեղծիքներ անեք, ճնշեք ժողովրդին և այդպես կարիերա անեք:

Հաջողության նոր մոդելը հետևյալն է.  մարդիկ այլևս ՀՀ-ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի, սկզբունքայնության արդյունքում: Եվ ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Հ. Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, նա վերցրեց տեսախցիկը և ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորության կարիք: Հայկ Մարությանը երբեք չի քծնել ՀՀ կոռումպացված իշխանություններին և միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի ժամանակ Հայկ Մարությանի ցուցաբերած ակտիվությունը, ինչպես նաև 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, որտեղ Մարությանը դիտորդական առաքելություն էր իրականացնում:

«Հայկ Մարությանը օրինապաշտ քաղաքացի է, քաղաքացիական իրավունքների պաշտպան և ի  վերջո՝ փայլուն կազմակերպիչ, մենեջեր»,- նշեց Ն. Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular