ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կասկադ»-ի կառուցման պատմությունը ներկայացվեց «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսում

ՄՇԱԿՈՒՅԹ

 Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի»  կառուցման աշխատանքները պատկերող ցուցանմուշները լուսանկարների տեսքով ներկայացված են «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագրով ցուցահանդեսում: «Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Ասլան Մխիթարյանը և նկարիչ Գրիգոր Խանջյանը «Կասկադ» համալիրի շինարարության ժամանակ», «Ալ. Թամանյանի հուշարձանի նախնական տարբերակներից մեկը», ««Կասկադ» համալիրի շինարարություն» և այլ վերտառություններով ցուցանմուշները ներկաներին հնարավորություն տվեցին վերադառնալ անցյալ և վերհիշել 1960-1970-ական թվականների հետ կապված կարևոր իրադարձությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին Ռուսական արվեստի թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում:

«Ավելի քան 15 տարի Հայաստանը միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որի նպատակը առօրյայում հասարակության լայն շրջանակին անհասնելի հուշարձանները հասնելի դարձնելն է: Թանգարաններն այդ օրերին պետք է հանդես գան նոր ցուցադրություններով»,-ասաց թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և հավելեց, որ «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը կշրջի նաև ՀՀ մարզերում:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, ծանոթանալով ներկայացված ցուցանմուշներին, ասաց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, այդ իսկ պատճառով այս ցուցահանդեսն իր համար չափազանց հետաքրքիր է:

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանի խոսքով` կարևոր է անդրադառնալ Երևանի պատմությանը և քաղաքի այն հատվածներին, որտեղ բազմաթիվ ընտանիքներ լավ ժամանակ են անցկացնում, ծնվում են տարբեր ծանոթություններ: «Հարաբերությունների ձևավորման գործում ճարտարապետությունը կարևոր դեր է կատարում: Այն հաղորդում է տարաբնույթ հույզեր, զգացմունքներ: Մարդիկ կարող են գալ այս ցուցահանդեսին և ևս մեկ անգամ փաստել, որ այս տարածքը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում»,-ընդգծեց Արևշատյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կհիշեցնի «Կասկադ»-ի հետ կապված պատմությունները և առիթ կտա մտորելու մեր միջավայրի, քաղաքի և դրա ապագայի մասին:

Ցուցահանդեսն անցկացվեց «Ռուսական արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Հայաստանի ազգային արխիվի և «Մեդիամաքս» ընկերության համագործակցության արդյունքում: Այն նվիրված է «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular