ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարարը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների խնդիրների եւ անելիքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է  ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ հայաստանյան վիճակագրությունն ու անելիքները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի ամբողջական ելույթը: 

«Հարգարժան նախագահ, Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն այստեղ` շրջապատված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի առաջնորդներով և առաջամարտիկներով:

Նախ թույլ տվեք ընդգծել, որ առողջապահական բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացվում են ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարության շրջանակներում: Մենք նաև հաշվի ենք առնում «Առողջապահություն 2020»-ի և կայուն զարգացման նպատակները` մեծապես կարևորելով դրանք մեր ազգային ռազմավարական զարգացման առումով:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են: Մեր խնդիրներն ու նպատակներն են, մասնավորապես,

  1. Բարելավել մեր գործունեությունը` հիմնվելով կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վրա,
  2. Իրականացնել հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլեր,
  3. Ուժեղացնել ոչ վարակիչ հիվանդությունների  վերահսկողությունն ու ռիսկի գործոնների մոնիթորինգի համակարգը` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները,
  4. Վերապատրաստել մասնագետներին,
  5. Բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կառավարման ծառայությունները` ներառյալ առաջնային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, բուժումը, վերականգնումը և պալիատիվ խնամքը:

Այժմ` թվերով: Ինչպես առավել զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են:  Ես հատկապես ուզում եմ ընդգծել սրտանոթային հիվանդությունները (56%), քաղցկեղը (21%) և դիաբետը (3%): Մենք լիովին կիսում ենք ԱՀԿ-ի տեսլականն այն առումով, որ կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկն է:

Ցավոք, Հայաստանում ծխողների մեծ թիվ ունենք (մեծահասակների մոտ 52%-ն ամենօրյա ծխող է): Մենք ներկայում աշխատում ենք ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի վրա և  վճռական ենք հաղթել ծխելու դեմ պայքարում և պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը:

Առողջ ապրելակերպի թեմայով պետք է նշեմ նաև, որ մենք լավ դիրքերում չենք գտնվում հավելյալ քաշ ունեցող բնակչության (48%), ալկոհոլի չարաշահման (6%) և ոչ բավարար ֆիզիկական ակտիվության (21%) տարածվածության առումով:  Ընդհանուր առմամբ, տղամարդիկ առավել հաճախ են ենթարկվում բարձր ռիսկի` պայմանավորված ծխախոտի և ալկոհոլի կիրառման ռիսկային վարքագծով,  մինչդեռ կանայք ֆիզիկապես պակաս ակտիվ են և հաճախ ունեն հավելյալ քաշ:

Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը որդեգրել է առողջության կերտման և պահպանման, ինչպես նաև առաջնային բուժօգնության հզորացման ուղին: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելումը մեր նախանշած նպատակն է` փոխանակ ծախսելու սահմանափակ ռեսուրսներն արդեն ուշացած ու թանկ արժեցող բուժման կամ մեր սխալների շտկման վրա:

Համոզված եմ, որ ոչ վարակիչ հիվանդությունները կարող են կանխվել, եթե մենք գլոբալ մակարդակով համատեղենք մեր ջանքերը` պայքարելու ռիսկի բոլոր գործոնների դեմ` ծխախոտ, անառողջ սննդակարգ, ֆիզիկական թերակտիվություն  և այլն: Տիկնայք և պարոնայք,

Անենք մեր վճռական համատեղ քայլը` միտված մեր առողջ ապագային:  Շնորհակալություն ձեր ուշադրության համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular