ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սաղսերժնամեղավոր» մոտեցումն արտաքին քաղաքականության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուշանբեում Ալիևի հետ կարճատև զրույցից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց: Ավելին՝ նա նշել էր, որ ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ սահմանային լարումները նվազեցնելու ուղղությամբ: Մինչ այդ էլ, ՌԴ նախագահ Պուտինի հետ տարբեր հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում էր իրենց միջև անձնական փոխըմբռնման բաղադրիչը, ինչպես նաև քանիցս ակնարկել, որ դեմ չէր լինի պաշտոնականից բացի նաև մտերիմ անձնական հարաբերություններ ունենալ Պուտինի հետ:

Այն, որ անձնական հանգամանքը կարևոր է քաղաքականության մեջ, անժխտելի է: Հատկապես Ալիևի ու Պուտինի դեպքում, որոնց ղեկավարած երկրներում երկրի առաջին դեմքից կախված է շատ բան: Սակայն բացառապես անձնական մտերմությունը, լավ տպավորությունները, մարդկային որակները չեն կարող փոխարինել քաղաքական շահը, որը քաղաքական գործիչների դեպքում ավելի առաջնային է, քան անձնական համակրանքը կամ հակակրանքը:

Այն, որ Ալիևը կրթություն ստացած մարդ է, պարզ էր վաղուց, այլ հարց է, որ նրան հայաստանյան քարոզչամեքենան տարիներ շարունակ պատկերում էր ոչխարապետության հովվի դերում: Բայց այսքանով հանդերձ, պետք է նաև արձանագրել, որ կիրթ, թե անկիրթ, Ալիևը ներկայացնում է նախ Ադրբեջանի շահերն ու քաղաքականությունը: Եվ նրա կրթված կամ անկիրթ լինելու հանգամանքն այս դեպքում էական բան չի փոխում հայ–ադրբեջանական հարաբերություններում: Նույնը՝ պայմանավորվածությունների մասով: Տարիներ շարունակ ընթանում են բանակցություններ, և նույնիսկ այդ բարձր մակարդակի բանակցություններում հնարավոր չի լինում կայուն երաշխիքներ ամրագրել սահմանագծի լարումները նվազեցնելու առումով: Այս կոնտեքստում ինչքանո՞վ է իրատեսական հույսը դնել մեկ կարճատև զրույցում ձեռք բերված բանավոր պայմանավորվածության վրա:

Մոտավորապես նույն տրամաբանությունն է գործում Վլադիմիր Պուտինի դեպքում, որին Փաշինյանն ասոցացնում է Ռուսաստանի հետ: Պուտինն, իհարկե, ահռելի վարկանիշ ունեցող ղեկավար է ու հասարակության զգալի հատվածի սիրելին Ռուսաստանում: Բայց ռուսական ներքաղաքական դաշտին նետված անզեն աչքով հայացքն էլ բավական է հասկանալու, որ Պուտինը միանձնյա չի ղեկավարում այդ երկիրը, կան բազմաթիվ հակադիր շահեր հենց իշխանության ներսում, ի վերջո կա Ռուսաստանի շահը, որը վեր է Պուտինի հայտնի ու քանիցս հաստատված անձնական նրբանկատությունից: Միգուցե Փաշինյանի դեպքում՝ Պուտինի հետ մտերմանալու ձգտումն ունի այլ, ներհայաստանյան մոտիվ: Հայտնի է, որ Պուտինի հետ անձնական մտերմության հանգամանքը խաղարկում է երկրորդ նախագահ Քոչարյանը, և չի բացառվում, որ Փաշինյանը փորձում է այդ մտերմությանը հակադրել իր մտերմությունը Պուտինի հետ:

Ինչևէ, ակնհայտ է, որ ներքաղաքական իրողություններում տարիներ շարունակ գերիշխած «սաղ Սերժնա մեղավոր» մոտեցումը, որը երկրում տիրող իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը բարդում էր բացառապես մեկ անձի վրա, այժմ հավակնում է դառնալ արտաքին քաղաքական օրակարգում հաճախակի կիրառվող գործիք: Առնվազն վերջին չորս ամիսները պետք է տեսանելի դարձնեին, որ «սաղսերժնամեղավոր» մոտեցումը հեռու է իրականությունից և խնդիրը համակարգային է, թե՛ ներքաղաքական–կուսակցական իմաստով, երբ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց համակարգը չի նահանջել, թե՛ ընդհանրապես, երբ ակնհայտ է, որ ռեֆորմներ իրականացնելու համար միայն մեկ մարդու հեռացումը բավարար պայման չէր:

Նույն մոտեցումն է գործում նաև արտաքին քաղաքականության մեջ, որտեղ, ի տարբերություն ներքաղաքականի, հաշվարկն ավելի չոր է, էմոցիաներն ավելի քիչ: Այս իմաստով ինչքան էլ այս կամ այն երկրի առաջին դեմքի հետ լավ հարաբերությունները կարևոր են, բայց որոշիչ չեն: Հետևաբար, անձնական լավ հարաբերություններին զուահեռ պետք է կառուցել ինստիտուցիոնալ հարաբերություններ: Դիցուք՝ Ալիևի հետ բանավոր զրույցը փորձել ամրագրել դիվանագիտական գործիքակազմով, Ռուսաստանի հետ աշխատանքը փորձել դարձնել ավելի ընդգրկուն, մի քանի ճակատներով: Այլապես ինչ–որ պահից կարող ենք հայտնվել այն վակուումի առաջ, որի առաջ հայտնվել ենք ներքաղաքական կյանքում՝ բացառապես ամեն ինչ մեկ անձով պայմանավորելու հետևանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular