ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ն ավարտվեց. դեպի ծայրահեղական լուսա՞նցք, թե՞ գաղափարական փոքրամասնություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ–մայիսին տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությանը սպասվում է լրիվ նոր քաղաքական ճանապարհ: Ինչպես և ողջ քաղաքական դաշտը, այդպես էլ ՀՀԿ–ն, ըստ էության, առաջին հերթին հենց ՀՀԿ–ն խաղը սկսում էին զրոյական մեկնարկից՝ լրիվ այլ պայմաններով ու այլ իրավիճակում: Իսկ սա նշանակում էր, որ նույն տեսքով ու կառուցվածքով Հանրապետական այլևս չէր լինելու: Թե ինչպիսի՞ն էր լինելու նոր ՀՀԿ–ն, լինելո՞ւ էր, թե՞ ոչ, որոշվելու էր ժամանակի ընթացքում:

Արդեն հիմա՝ դեկտեմբերին նշմարվող արտահերթ ընտրությունների նախաշեմին, ակնհայտ դարձավ այն, ինչ սպասվում էր դեռևս իշխանափոխության առաջին օրերին՝ ՀՀԿ–ն այլևս առաջվանը չէ: Ավելին՝ այն տեսքով, որով սովոր էինք տեսնել ՀՀԿ–ին և այն տեսքով, որով սովոր էին իրենք իրենց տեսնել, այդ կուսակցությունն այլևս չկա: Վերջին իրադարձությունները, մասնավորապես հոկտեմբերի 2–ին ԱԺ–ում և նրա շրջակայքում տեղի ունեցածը, դրան հաջորդածն ու նաև Հանրապետական խմբակցությունը ներկայացնող պատգամավորների անհատական ստորագրությունները՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մանիֆեստի տակ, ամբողջական են դարձնում պատկերը: Ամբողջական՝ թե՛ առավել դետալային վերակառուցումների իմաստով, թե՛ ընդհանրապես՝ ավելի լայն դիտանկյունից:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում նախահեղափոխական ՀՀԿ–ն: Այն փաստացի իշխող բյուրոկրատիայի և խոշոր կապիտալիստների կոնգլոմերատ էր, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էին գործադիրում ներկայացված տեխնոկրատ պաշտոնյաները: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարումը ստանձնելուց ուներ փոքր, առավելապես գաղափարական գործիչների մի խումբ, որն այնուհետ հագեցրեց խոշոր կապիտալ ունեցողներով: Արդեն նախագահության առաջին, իսկ հետո երկրորդ ժամկետների ընթացքում նա կուսակցությունը հագեցրեց նաև տեխնոկրատներով ու բյուրոկրատներով, իսկ վարչապետության գնում էր վերջիններիս դերն էականորեն բարձրացնելով՝ բնականաբար այլ, այս դեպքում կապիտալիստների կամ, ինչպես առավել ընդունված է ասել, օլիգարխների հաշվին:

Այսինքն, ցանկացած դեպքում ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին չի եղել գաղափարական կուսակցություն: Այն եղել է իշխանության կուսակցական հենարանը, կուսակցական արտացոլումը: Չկա իշխանություն, չկա ՀՀԿ: Այս նոր իրավիճակում Հանրապետականը տեսականորեն ուներ երկու ելք: Կամ՝ հաշվի առնելով նոր քաղաքական իրողությունը, ընդունել այն ու ըստ այդմ անել հետևություններ ու քայլեր, կամ ամեն կերպ ժխտելով իրականությունը՝ փորձել գտնել ճանապարհներ հեղափոխության թափանիվը կոտրելու ու նախահեղափոխական իրավիճակին վերադառնալու համար: Հենց սկզբից, Փաշինյանի վարչապետության ընտրությունից սկսած, ՀՀԿ–ն փաստացի,իրենց քվեարկությամբ լքեցին երկրորդական դիրքերում հայտնվածները՝ կապիտալիստներն ու օդիոզ դեմքերը, որոնք ժամանակին ՀՀԿ առանցքն էին, բայց վերջին շրջանում մղվել էին լուսանցք: Այն, ինչ մնաց, այսինքն՝ բյուրոկրատիան, որդեգրեց հեղափոխությանը խանգարելու, այն մերժելու մարտավարությունը՝ դրանից բխող տարբեր սցենարներով: Վերակառուցվելու ու գոյության համար այլ, իշխանությունից բացի այլ հիմքեր որոնելու ճանապարհով ՀՀԿ–ն չգնաց: 

Արդեն հիմա, երբ հուշագրերի ու ստորագրությունների մաթեմատիկական հանրագումարը մի կողմից, դավադրությունների ու զարտուղի այլ սցենարների իրագործման անհնարինությունը՝ մյուս կողմից, հուշում են, որ ՀՀԿ–ն հայտնվել է դե յուրե փոքրամասնության դերում, որը վերջնականապես կարձանագրվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ անկախ նրանից՝ ՀՀԿ–ն դրանց կմասնակցի, թե ոչ:

Ըստ այդմ, ՀՀԿ–ն կրկին ունի երկու ճանապարհ: Կամ շարունակել մերժել հեղափոխության փաստն ու դեկտեմբերից հետո արդեն որպես խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժ բռնել մարգինալացման ու ծայրահեղականացման ուղին՝ դրանից բխող ռիսկերով: Կամ վերջապես ընդունել առկա իրողությունները, հաշտվել դրանց հետ, այդ գիտակցումով մասնակցել կամ չմասնակցել ընտրությունների՝ չվախենալով կուսակցական շարքերի հանկարծահաս նոսրացումից ու սեփական քաղաքական երկարակեցության համար որոնելով ավելի կայուն՝ ծրագրային ու գաղափարական հիմքեր: Ի վերջո, եղել են ժամանակներ, երբ ՀՀԿ–ն եղել է փոքրաթիվ, քիչ ներկայացված, բայց ավելի կուռ ու գաղափարական կառույց: Ոչինչ չի խանգարում գոնե սեփական պատմության այդ հատվածը աչքի տակ ունենալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular