ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյա՞նն է իրենից հեռացնում ՀՀԿ–ին, թե՞ հակառակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր անվան հետ կապելուց: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ՀՀԿ–ի մասին է, քանի որ մյուս ուժի՝ ՀՅԴ–ի մասին հազիվ թե ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը: Հաշվի առնելով, որ ՀՀԿ–ի որոշակի հատվածի հետ կապված անընդհատ շրջանառվում էր Քոչարյանի անունը, այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից: Ավելին, ըստ էության հայտարարում է, որ ՀՀԿ–ն իրականում չկա: Թե ում է ավելի ձեռնտու այս տարանջատումը, ով է իրականում ումից մաքրվում, չափազանց հարաբերական է, քանզի թե՛ Քոչարյանի, թե՛ ՀՀԿ–ի ռեյտինգն այսօր աննկարագրելի ցածր է, եթե նուրբ արտահայտվենք: Ոչ պակաս հետաքրքիր է Քոչարյանի հաջորդ ձևակերպումը. «Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես և որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ և ժամանակ է պահանջում»: Այստեղ առկա է միանգամից երկու մեսիջ: Նախ, այսպիսով փաստացի ակնարկում է, որ դեռևս լուրջ ազդեցություն ունի «հների» նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ– ականների ու ՀՀԿ–ից վերջերս հեռացածների, մյուս կողմից փորձ է անում ցույց տալ, որ ինքը նաև երիտասարդության շրջանում ունի աջակիցներ: Առաջին կետի հետ կապված առանձնապես քննարկելու թեմա էլ չկա, իսկ թե որքանով է Քոչարյանը իրավացի երկրորդ մասով, ժամանակը ցույց կտա: Առավել ևս, որ ակնհայտորեն նա չի հասցնի մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչի մասին, ի դեպ, հենց ինքն էր ասել օրեր առաջ: 

Քոչարյանի հայտարարության ֆոնին ուշագրավ է նախկին պատգամով Լյովա Խաչատրյանի թիմալքությունն ու հայտարարությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դժվար է ասել՝ արդյոք խոսքը տարբեր ուժեր ստեղծելու մասի՞ն է, թե՞ ի վերջո նույն դաշտի շուրջ է խոսակցությունը: Ավելի հավանական է, որ տարբեր կուսակցությունների մասին լինի խոսքը՝ հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի հետ միասին այդ նոր ստեղծվող ուժի շուրջ շրջանառվող անուններն ու դրանց առնչակցությունը այլ, հատկապես ֆինանսապես առավել «թափով» անձանց հետ:

Վերջապես, դարձյալ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ենթադրելի է, որ ՀՀԿ–ում ի վերջո կհաղթի առավել պրագմատիկ ու գաղափարական թևը, որը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հեղինակ՝ Արսեն Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular