ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպտիմալացման ռիսկերը կամ՝ գլխացավը չեն բուժում գլուխը կտրելով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի: Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից: Չեմ ասում, որ մենք դնելու ենք փակ աչքերով ամեն ինչ կտրենք, բայց, իհարկե, այս հարցին լրջորեն անդրադառնալու ենք»: Այսպես էր արձագանքել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը պատգամավորներից մեկի տված հարցին, որը վերաբերում էր պետական ապարատի կրճատմանը: 

Ընդհանրապես, ցանկացած կառավարություն վերջին տարիներին ղեկավարի փոփոխությունից հետո հանգում է այս հարցին: Այս իմաստով Փաշինյանի հնչեցրած միտքը նորություն չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում պետական ապարատը ուռճացված է, ավելին՝ այդ ուռճացվածությանը զուգահեռ մենք ունենք արդյունավետության խնդիր: Սակայն, ինչքան էլ այս խնդիրները ակներև լինեն, դրանք շարունակում են մնալ չլուծված: Պատճառը, սակայն, ոչ այդքան քաղաքական կամքի մեջ է, այլ ավելի խորքային շերտերում:

Նախորդ իշխանության կառավարման տարիներին ակնհայտ էր, որ պետական ապարատի ուռճացվածությամբ լուծվում է միաժամանակ երեք խնդիր: Նախ՝ ստեղծվում էին հարթակներ, որոնք կիրառվում էին, այսպես ասած, կլիենտարիստական մոդելի շրջանակներում, երբ քաղաքական հակառակորդներին կամ պոտենցիալ հակառակորդներին, կամ էլ իշխանության մեջ ազդեցություն ունեցող որոշակի անհատներին շահագրգռելու կամ չնեղացնելու համար հորինվում էին պաշտոններ ու պետական ինստիտուտներ: Երկրորդ՝ կար գիտակցում, որ պետական ուռճացված համակարգ ունենալ նշանակում է ունենալ քաղաքացիների բավական ստվար մի շերտ, որոնք լոյալ կամ չեզոք են իշխանությանը, ավելին՝ ընտրությունից ընտրություն այդ շերտը դառնում էր վերարտադրության կարևոր օղակ: Երրորդ, ըստ էության, ամենագլխավոր խնդիրը՝ ուռճացված պետական համակարգով լուծվում էին հասարակության գոնե մի հատվածի սոցիալական խնդիրները, քանի որ ակնհայտ էր, որ մասնավոր սեկտորը Հայաստանում այն մակարդակի վրա չէ, որպեսզի օպտիմալացման արդյունքում պետական համակարգը լքածները կարողանան իրենց համար աշխատատեղեր ստեղծել կամ աշխատանք գտնել:

Եթե առաջին երկու բաղադրիչները կարելի է կապել նախորդ իշխանության քաղաքական շահերի հետ, ապա երրորդ բաղադրիչը կար և կա օբյեկտիվ պատճառներով: Իհարկե, նախորդ կառավարությունները փորձեր արել են այս կամ այն կերպ գնալ օպտիմալացման, թեկուզև փորձնական չափաբաժնով, բայց դա ամեն անգամ հանգեցրել էր պայմանական ասած՝ տաքսու վարորդների քանակի աճին կամ արտագաղթի տեմպերի արագացմանը: Եվ, որ ամենակարևորն է, օպտիմաացման արդյունքում չի աճել կառավարության արդյունավետությունը, մի բան, հանուն որի էլ արվում էին օպտիմալացումները: 

Ակնհայտ է, որ խնդիրն առավել խորքային է, ու Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխական կառավարության ղեկավար, խնդրին չի կարող անդրադառնալ հպանցիկ: Ըստ էության, Փաշինյանի վարկանիշը բավարար է, որպեսզի նա այս փուլում գնա կտրուկ քայլերի ու սկսի լայնամասշտաբ օպտիմալացում: Միգուցե սոցիալական ցնցումների քաղաքական իմաստով այդ քայլերը չհանգեցնեն ու որևէ կերպ չխանգարեն Փաշինյանի իշխանությանը: Բայց տնտեսական առումով ցանկացած բեկումնային օպտիմալացման քայլ ռիսկային է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ օպտիմալացնելով ու խնայված գումարներով պետական համակարգի առավել բարձր օղակների աշխատավարձերը բարձրացնելով՝ արդյունավետության խնդիրը, մեղմ ասած, չի լուծվում: Առավել էական է այստեղ այլ բան:

Ցանկացած օպտիմալացում պետք է սկսել նախապես դրա արդյունքում գոյացող ռիսկերը նվազեցնելով: Մեր դեպքում այդ ռիսկերը կարող են նվազել, եթե լինի համապատասխան ներդրումային միջավայր, ինչի արդյունքում հնարավոր կլինի օպտիմալացված կադրերին ուղղորդել դեպի մասնավոր սեկտոր: Այժմ այդ միջավայրը չկա: Չժխտելով պետական համակարգի իրապես ուռճացված վիճակն ու կարևորելով օպտիմալացման անհրաժեշտությունը՝ չենք կարող չնշել, որ առանց վերոնշյալ համապատասխան միջավայրի ստեղծման օպտիմալացման գնալ նշանակում է հավել յալ տնտեսական բեռ ավելացնել հենց նույն իշխանության համար: Այսինքն, խնդիրն այստեղ ոչ թե մարդկային, բարոյական դաշտում է, այլ բացառապես կառավարության արդյունավետության: Կտրուկ օպտիմալացման գնալ առանց համապատասխան միջավայրի, նշանակում է անցկացնել գլխացավը՝ առաջացնելով ստամոքսի խոց: Կառավարության, անձամբ Փաշինյանի խնդիրն, ըստ այդմ, համապատասխան միջավայրի ստեղծումն է, որը բուֆերի դեր կստանձնի ենթադրվող օպտիմալացումից հետո ու որևէ կերպ չի ավելացնի խնդիրները հենց նույն Փաշինյանի կառավարության համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular