ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորաստեղծ կուսակցությունները կհասցնե՞ն մասնակցել արտահերթին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուսակցություն բացելը մոտավորապես նմանվել է երբեմնի՝ նույն փողոցի վրա կողք կողքի վարսավիրանոց, դեղատուն կամ մթերային խանութ բացելու տենդին, երբ առանց շուկան ուսումնասիրելու, առանց հաշվարկելու, թե տվյալ տարածքին ինչքան վարսավիրանոց, դեղատուն ու մթերային խանութ է պետք, բացում ու բացում էին, հետո ընկնում կրակը: Տերերն իրար հետ էին թշնամանում, ընտանիքները՝ ընտանիքների հետ, հետո բոլորով՝ թաղամասի բնակիչների հետ, թե ինչի՞ մեկը եկամուտ ունի, մյուսը՝ ոչ: Ու այդպես շարունակ: Հետո եկավ մի պահ, երբ այդ տենդն անցավ, «հարևան» խանութպանները բնակիչներին իրար մեջ «լավով» կիսում էին ու էլ իրարից չէին նեղանում: 

Հիմա նույն տրամաբանությամբ էլ կուսակցություններ են բացվում: Եվ հասկանալի չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ, մղումով, նպատակով կամ գաղափարախոսությամբ: Գործընթացն այնքան է «ազատականացել», որ տպավորություն է ձևավորվել, թե բակի տղաներով մի ծառ տնկելու կամ խորոված անելու համար նախ որոշում են կուսակցություն բացել, հետո այդ խորովածն անել կամ ծառը տնկել: 

Դե, տուն է, թող լինի մոտեցմամբ ծնվող կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, վաղը նույն տնեցիներին էլ են նեղություն տալու, քանի որ կուսակցություն պահելու համար տարեկան պետական վճարումներ կան: Այլ ծախսեր նույնպես կան, բայց մտահոգիչն այս օրերին այլ է:

Պարզվում է, նրանցին, որոնք արդեն հասցրել են համագումար անել ու արդեն իսկ հայտարարել են կուսակցություն գրանցելու իրենց նախաձեռնության մասին, ոչ բոլորն են ավարտել գրանցման գործընթացը: Ու կարող է այնպես ստացվել, որ, օրինակ, «Սասնա ծռեր», «Հայկական երազանք» և էլի մի շարք կուսակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկությունը երազանք էլ մնա: Այդ դեպքում նրանք պետք է ստիպված լինեն այլ կուսակցությունների ցուցակներում տեղավորվել: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ ընդհանրապես կուսակցություն գրանցելը: Եթե ընդամենը սեփական ամբիցիաները բավարարելու համար, ապա հիշեցնենք, որ մեծ հաշվով կուսակցությունները երեք հիմնական ուղղությունների են լինում: Եվ այդ պայմաններում ինչ էական է, թե նույն գաղափարախոսությանը «դավանող» քանի կուսակցություն կա, երբ դրանցից ոչ մեկի անունն իրենց նեղ շրջապատից բացի ոչ ոք չգիտի: Թե քանի օր է հարկավոր կուսակցություններին գրանցվելու համար, դրանից հետո արդյո՞ք ընտրություններին մասնակցել–չմասնակցելու այլ սահմանափակումներ կան, արդյո՞ք նոր գրանցված 

կուսակցությունը պետք է որոշ ժամանակ գործի, հետո իրավունք ստանա համապետական ընտրություններին մասնակցել, թե՞ կարող է թանաքը դեռ չչորացած՝ պետռեգիստրից վազել ԿԸՀ, այնտեղ էլ գրանցվել ու մասնակցել ընտրություններին, կխոսենք հետագայում: Բայց հիմա հարցն այն է, թե այս ընթացքում ինչքան թրենդային դարձավ կուսակցություն բացել–գրանցելը ու ինչ կարող է դա փոխել ընդհանրապես:

Հիմա այն մասին, թե թավշյա հեղափոխությունից հետո սնկի պես աճած կուսակցություններից ովքեր են կարողացել ավարտին հասցնել իրենց գործը: Ու թեև կուսակցություն բացելը դարձել է մոդայիկ, բայց հետաքրքիր է, որ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունում գրանցված կուսակցությունների թիվն այս պահի դրությամբ 76–ն է, որից ընդամենը 3–ն է գրանցվել 2018 թվականի ապրիլից հետո: 

«Կան կուսակցություններ, որոնց գրանցման հարցը դեռ գործընթացի մեջ է, բայց այս պահին դեռ չի ավարտվել: Ապրիլից հետո գրանցվածները «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան», «Հայոց հայրենիք» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություններն են»,– ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular