ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխո՞ղ, թե՞ իշխանության կուսակցություն. ինչո՞ւ է ՔՊ–ն ընտրել նախկինների ուղին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա ընթացքում, հատկապես շաբաթվա վերջին օրերին բավական հակասական տեղեկություններ էին ստացվում Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ՔՊ տարածքային կառույցներից: Բանն այն է, որ տարածքային կառույցների՝ առաջիկա ընտրություններին ներկայացված ռեյտինգային թեկնածուներից շատերին ՔՊ կենտրոնական վարչությունը մտադիր չէ ներառել կուսակցության նախընտրական ցուցակներում: Հակասական էին այս տեղեկությունները նախ իրենց պարբերականությամբ, երկրորդ՝ քանի որ այս տեղեկությունները ստացվում էին ՀՀԿ–ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերի շուրջ առկա տեղեկատվական ֆոնի ներքո: ՀՀԿ–ն վառ, առարկայական, կիրառական օրինակն է նրա, թե ինչպիսի սխալներ չպետք է թույլ տա իշխանություն ունեցող կուսակցությունը: Ավելին՝ ՀՀԿ–ն երկարատև նիստերից հետո հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ արձանագրելով իր սխալները՝ մատնանշում էր կուսակցական տեղական կառույցների հետ աշխատանքի թերությունները, կուսակցության անդամագրման ֆիլտրերի բացակայությունը:

Այդ փաստաթուղթը, հատկապես ստացվող մտահոգիչ լուրերի առկայության պարագայում, լավ կլինի, որ կարդան հենց իշխանության ներկայացուցիչները ու ՔՊ–ի՝ կուսակցաշինության գծով պատասխանատուները: Փաստացի ստացվում է, որ ինչպես ժամանակին ՀՀՇ–ն, վերջերս էլ ՀՀԿ–ն, ՔՊ–ն գնում է իշխող կուսակցությունից դեպի իշխանության կուսակցություն տանող կարճ ճանապարհով: Այս իմաստով խնդրահարույց է ոչ այնքան ՔՊ կենտրոնական վարչության արձագանքը, որքան տարածքային կառույցներ բազմաթիվ մարդկանց անդամագրելու, այնուհետ հստակ մեխանիզմների բացակայության հետևանքով այդ մարդկանց ու կենտրոնական վարչության միջև առաջացած կոնֆլիկտը: 

Կուսակցությունների մասին նոր օրենքը, որն այդպես էլ չնախաձեռնվեց իշխանությունների կողմից, չնայած հանդիսանում էր հեղափոխության ստանձնած հիմնական օրակարգերից մեկը, պետք է լիներ հենց այդ ամբողջական մեխանիզմը, որը մի կողմից կբացառեր իշխող կուսակցության շուրջ առկա տարընթերցումները, մյուս կողմից շանս կտար ոչ միայն ՔՊ–ին, այլև ամբողջ քաղաքական դաշտին՝ չկրկնել անցյալի սխալները:

Ցավոք, այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ տեղերում մարդիկ տասնյակներով ընդգրկվում են տարածքային կառույցների աշխատանքներին, փորձում են մաս կազմել իշխող կուսակցությանը, իսկ իշխող կուսակցությունը միայն հիմա՝ ուշացած կերպով է փորձում ֆիլտրել մարդկային ահռելի հոսքը իր շարքեր: Ընդ որում, դա անում է ոչ թե հստակ մեխանիզմներով, այլ խտրական ու ընտրողական տպավորություն թողնող որոշումներով:

Ինչ–որ առումով հասկանալի է նաև տարածքային կառույցներ անդամագրված, բայց նախընտրական ցուցակներում այդպես էլ չհայտնված մարդկանց վրդովմունքը՝ հաշվի առնելով, թե ինչպես են այդ ցուցակներում հայտնվում նախկին իշխանություններին մաս կազմած, կամ նրանց հետ համագործակցած մարդիկ: Երբ նախընտրական ցուցակներում հայտնվում է, դիցուք, Ֆելիքս Ցոլակյանը, բնական է, որ Շիրակի մարզի ՔՊ շտաբում հարցեր են ծագելու. և այսպես շարունակ բոլոր մարզերում:

Խնդիրը, սակայն, լոկալ չէ՝ կապված չէ առանձին վերցրած անհատների՝ ցուցակում հայտնվել–չհայտնվելու հետ: Խնդիրն առավել ընդհանրական է՝ կամ ՔՊ–ն իշխանություն լինելուց առանձնացնում է կուսակցաշինության գործընթացը՝ աչքի տակ ունենալով ավելի երկարատև հեռանկար թե՛ երկրի քաղաքական դաշտի առողջացման համար, թե՛ իրենց հետագա քաղաքական գործունեության համար, երբ մի օր կրկին կլինեն ընդդիմադիր ճամբարում, կամ բացառում է մոտ ապագայում ընդդիմություն լինելու որևէ հեռանկար ու սկսում է նույնացնել, սինխրոնացնել կուսակցությունն ու իշխանությունը, կուսակցաշինությունն ու իշխանության իրացումը և փաստացի շարժվում  է ՀՀՇ–ի, ՀՀԿ–ի օրինակով: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular