Պայքարի ճանապարհը. քանդե՞լ, թե՞ համապատասխանեցնել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈր Երևանի տեսքն աղճատվել է ապօրինի շինությունների պատճառով, որ նման շինությունները քաղաքում բազմաթիվ են, անկասկած է: Ճիշտ նույնկերպ անկասկած է, որ այսուհետ նման շինությունների առկայությունը պետք է իսպառ բացառվի: Այդ առումով նոր քաղաքապետի վճռականությունը գոնե այս պահին որևէ կասկած չի հարուցում: Սակայն խնդիրը միաշերտ չէ, հատկապես այն շինությունների դեպքում, որոնք արդեն իսկ կառուցված են: Թե ում թողտվության, ում պաշտոնեական անփութության կամ հանցավոր համաձայնության արդյունքում է կառուցվել, այլ հարց է, պետք է իրավապահները զբաղվեն: Բայց դրանք արդեն կառուցված են: Ուստի չափազանց ուշադիր է պետք լինել այս հարցում:
Երեկ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը, երբ ապամոնտաժվում էր գրեթե պատրաստ շինությունը, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այն, որ սեփականատերերի պահվածքը չափազանց խոսուն էր, այն, որ նմանները սովոր են բռի ուժով լուծել բոլոր հարցերը, այն, որ բարձրաստիճան ոստիկանի հետ խոսում էին տնավարի՝ իրենց սովորույթի ուժով, երբ նախկին իշխանությունների հետ աշխատել են կոռուպցիոն համաձայնությունների միջոցով, իսկ արդյունքում հետները շփվել այնպես, ինչպես սիրտները կամենում է, միանշանակ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընկալել նաև սեփականությունը կորցնող, զգալի գումարներ կորցնող մարդու հոգեբանությունը: Մարդն ուզում է պաշտպանել իր ունեցվածքը: Նրանք հազիվ թե կարողանային մի գիշերվա մեջ 1100 քմ տարածք կառուցապատել. բավական լուրջ շինարարություն է իրականացվել: Ուրեմն, ինչ–որ մարդկանց բացահայտ թողտվությամբ է դա արվել: Ամիսներ շարունակ: Հիմա պետք է հասկանալ՝ ո՞վ է փոխհատուցելու կրած վնասները: Ընդ որում, ոչ միայն այդ սեփականատերերի, այլ բոլոր երևանցիներիս կրած վնասները:
Հաջորդ խնդիրը: Երևի թե դեռ հաշվարկներ է պետք անել, թե որն է ավելի էժան՝ ապամոնտաժո՞ւմը, թե՞ օրինականացման գործընթացը՝ պարտադրելով սեփականատերերին վերափոխումներ անել և շինությունը համապատասխանեցնել օրենքի ու քաղաքաշինական նորմերի պահանջներին: Քանդելը միշտ կա ու կա: Ընդ որում, այդ տրամաբանությամբ Երևանում այսօր քանդման ենթակա բազմաթիվ շինություններ կան: Միայն հազարավոր անօրինական ավտոտնակները բավական են, որ իրավիճակը առարկայական լինի: Հասկանալի է, որ ցանկացած անօրինականության, ապօրինության դեմ պայքարի գործում յուրաքանչյուրիս պարտքը պիտի լինի աջակցել նոր իշխանություններին: Սակայն պակաս կարևոր չեն այդ պայքարի միջոցները: Ինչպես ընդհանրապես տնտեսության մեջ ընդունելի չէ գիլյոտինի քաղաքականությունը, գործարարներին հիմքից կտրելու գործելաոճը, այնպես էլ այս պարագայում հազիվ թե արդարացված են միագիծ քայլերը: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում բոլոր այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մեխանիզմը պետք է աշխատի՝ առանց տնտեսական վնասներ պատճառելու, իսկ ապացուցված անհրաժեշտության դեպքում՝ ուղղակի ապօրինի ձեռքբերվածը վերադարձնելով: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ իրավապահները պետք է զբաղվեն թե՛ այդ մարդկանց գործողությունների իրավաչափությամբ, թե՛ նրանց այդ գործողությունները խրախուսածների կամ «աչք փակողների» «կենսագրությամբ»: Այսինքն, իրավական գործընթացներն ու տնտեսական, վարչարարական մեխանիզմները պետք է հստակ տարանջատել:
Ընդհանրապես, ցանկացած պայքար ցանկացած անօրինականության դեմ անցավ չի լինում: Սա հասկանալի է: Նույնը վերաբերում է նաև փողոցային առևտրի դեմ պայքարին, այլ կարևոր նախաձեռնություններին: Սրանց անհրաժեշտությունը ոչ ոք չի վիճարկում, սակայն բոլոր այդ քայլերը անհրաժեշտ է իրականացնել հետևողական հաշվարկների ու քննարկումների արդյունքում, որ, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ չխառնվի: