ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել քաղաքական բանավեճերի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ պետք է արմատավորել բանավեճի ավանդույթը, հատկապես առաջին դեմքերի մակարդակով: Ակնհայտ է, որ Փաշինյանը խփել է Հայաստանի քաղաքական դաշտի համար բավական ցավոտ թիրախի, որովհետև նախորդ տարիների ընթացքում մենք այդպես էլ նախընտրական քաղաքական բանավեճերի ականատես չեղանք: Այն եզակի օրինակներն էլ, որոնք կան, հաստատում են օրինաչափությունն իրենց բացառությամբ, իսկ բովանդակային իմաստով բանավեճ չեն: Բանավեճ չեղավ նաև «նոր» Հայաստանի առաջին ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում: Եղած ֆորմատը, որտեղ ներկա էին միանգամից մի քանի թեկնածուներ, առավելապես հիշեցնում էր ասուլիս, քան բանավեճ: Այն հանգամանքը, որ բանավեճի անհրաժեշտության մասին խոսում է Փաշինյանը, հույս է տալիս, որ գոնե այս անգամ մենք քաղաքական բանավեճ կունենանք: Սակայն նախքան բանավեճ ունենալը, պետք է հստակեցնել՝ ինչպիսի բանավեճ ենք մենք ուզում ու պատկերացնում, արդյո՞ք ինքնին բանավեճ ունենալն ընդամենը «ծիտիկ» դնելու համար ինքնանպատակ չէ, ի՞նչ բովանդակություն ենք մենք դնում սպասվող բանավեճերի տակ, ու, ընդհանրապես, ինչո՞վ են փոխելու բանավեճերը քաղաքական դաշտը:

Այս հարցերն արդիական են հատկապես ոչ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավային միջավայրն ու այդ միջավայրի առաջին պտուղները դիտարկելուց հետո: Ակնհայտ է, որ բովանդակային ու ծրագրային խոսակցության կողմերը հիմնականում պատրաստ չեն: Կրկնվում է պարզ քարոզչության ու հակաքարոզչության տրամաբանությունը: Հետևաբար գնալ բանավեճերի այս պարզ տրամաբանությամբ՝ նշանակում է ունենալ բանավեճ, այն հյուրընկալող հեռուստաընկերության համար ապահովել բարձր դիտելիություն, բայց չունենալ քաղաքական բովանդակություն:

Պարզ ու կարճաժամկետ քայլերի տրամաբանությամբ կառուցվող բանավեճի դեպքում մենք ունենալու ենք պարզապես հռետորության մրցույթ, քարոզչական հնարքների ու դրանց հմուտ կիրառման պայքար, ոչ ավելին: Բովանդակային բանավեճ ունենալու համար նախ պետք է ունենալ բովանդակային քաղաքական ասելիք, որը ակներև կդառնա քարոզչությունը դեռ չսկսված: Ցավոք, քարոզչությունը դեռ չսկսված՝ մենք ունենք պարզապես անցնել-չանցնելու, մեկ ընդդիմություն լինել-չլինելու, հակահեղափոխության մասին քննարկումներ, ոչ ավելի:

Դրական ու ոգևորող է, որ հենց վարչապետի մակարդակով է կարևորվում բանավեճի ինստիտուտը: Ենթադրում ենք, որ վարչապետի անձնական շահագրգռվածությունը կդրդի քաղաքական նախընտրական բանավեճերի կայացմանը: Սակայն միայն ձևը ներմուծելուց բացի, կարիք կա խորհելու նաև բովանդակության մասին: Ենթադրենք բանավեճի են գնում Նիկոլ Փաշինյանն ու Վիգեն Սարգսյանը, գնում են մեկնարկային այն պայմաններով, այն մեսիջներով, որոնք տեսանելի են հիմա: Մենք ունենալու ենք բացառապես «դուք վատն եք, մենք լավն ենք» և «մենք վատն էինք, բայց դուք ավելի վատն եք» տրամաբանության շրջանում փոխադարձ հակաքարոզչության դրսևորում: Սակայն, եթե նույն Փաշինյանն ու Սարգսյանը բանավեճի գնան նախապես ֆիքսելով իրենց գաղափարական, ծրագրային առանցքները, միաժամանակ առաջնորդվեն այդ ծրագրերի բովանդակային համեմատությամբ, ոչ թե անցյալի ու ապագայի մասին իռացիոնալ դիտարկումներով, շանս կա, որ մենք ի վերջո կունենանք բովանդակային բանավեճ:

Պարզ է, որ հռետորական հմտությունները, պոպուլիզմը, մրցակցի սխալները մատնանշելը քաղաքական կյանքի անբաժանելի մասն են, հատկապես նախընտրական շրջանում: Բայց նշված բաղադրիչները միայն իրենցով չեն կարող լինել քաղաքական բովանդակություն, դրանք քաղաքական գործիքներ են, որոնցով պետք է արտահայտվի ենթադրվող բովանդակությունը:

Բանավեճերի ձգտելուց առաջ կարիք կա, որ բոլորս՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ քաղաքական կյանքի ակտիվ հետևողները հարց տան իրենք իրենց ու միմյանց՝ ի՞նչ է տալու մեզ բանավեճը, հանուն ինչի ենք մենք ցանկանում այդ բանավեճը՝ թեժ տեսարաններ տեսնելո՞ւ, թե՞ մեր քաղաքական նախընտրությունը ձևավորելու համար: Գուցե այս հարցերը տալուց հետո հասկանանք, որ մեզ բանավեճ կա՛մ պետք չէ, կա՛մ մենք առայժմ պատրաստ չենք իրական բանավեճի, կա՛մ էլ, լավագույն սցենարի դեպքում, կողմերը պատրաստակամ լինեն բանավիճել ոչ թե բանավիճելու, այլ քաղաքական խորքային ասելիք ունենալու և դա հրամցնելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular