ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանի համար նոյեմբերի 13–ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը թեև որոշ առումներով անսպասելի, բայց, միևնույն ժամանակ, նաև հասկանալի էր: 

Խոսքը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության մեջ մտնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա մասնավորապես ընդգծել էր օրեր առաջ արված այն հայտարարությունը, թե «նոյեմբերի սկզբին Աբովյան 5 հասցեում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը կրկին սկսել է ապօրինի շինարարություն, որը կասեցվել էր երեք ամիս առաջ»: Ընդգծելով նաև մի շարք գրառումների առկայության մասին՝ նա նշել էր, որ խնդրին չէր անդրադառնա, եթե իրեն կողմնապահության մեջ չմեղադրեին: Անի Սամսոնյանն իր խոսքը հասցեագրել էր Արման Աբովյանին, և նրան մեղադրել նաև «վտանգավոր վարքագիծ» դրսևորելու մեջ: 

«Ինձ համար մի քիչ անսպասելի էր, որովհետև մինչ այդ բավականին լավ գործընկերային մթնոլորտ էր: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ մարդիկ նեղ քարոզարշավային հարցեր են լուծում: Իրականում շատ ցավալի է նման երևույթը»,–1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, ասաց Արման Աբովյանը: 

Հաշվի առնելով նաև տեղերից «ռեպլիկներ» հնչեցնող «Լույս» խմբակցության մյուս անդամների կեցվածքը՝ նա շեշտեց, որ նման պահելաձևը պայմանավորում է ներկայիս նախընտրական փուլի հետ:

«Ուրիշ ոչինչ չի կարող լինել… շոուներ, կարմիր «լենտով» թղթեր և այլն: Մեծ հաշվով՝ մեղադրելու չէ, այդ մարդիկ խնդիր ունեն: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, իսկ իրենք քաղաքական ուժ են, քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Նախընտրական վիճակ է, որի դեպքում քաղաքական ուժերը ԱԺ անցնելու խնդիր ունեն: Իսկ թե ինչ ռեսուրսով կարող են անցնել՝ երկու տարբերակ կա. կամ իրական աշխատանք, կամ սև PR ակցիաներ: Մարդիկ այս դեպքում որոշեցին գնալ ավելի շատ սև PR ակցիայի ճանապարհով»,–նշեց Արման Աբովյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե Անի Սամսոնյանի ելույթում հնչեցրած գնահատականները իրականությանը համապատասխանեին, ապա այսօր ականատես կլինեինք ամբողջովին այլ գործընթացի: «Բերել էին, այսպես կոչված, փաստաթղթերի փաթեթ, ինչ–որ գրառումների  պատճենահանված «screenshot»–եր, ինչ–որ դատական որոշումներ, կասեցումներ, մեծ հաշվով՝ ինչ–որ անիմաստ և անհասկանալի փաթեթ, ինչը շատ ծիծաղելի էր: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, փառք Աստծո, ապրում ենք իրավական երկրում. հավաստիացնում եմ ձեզ, եթե հիմքեր լինեին, այդ փաթեթը կտային ոչ թե ինձ՝ շոուի ձևով, այլ կտային, ենթադրենք, քաղաքապետին»,–ընդգծեց նա: Արման Աբովյանը շեշտեց, որ քաղաքական մշակույթի խնդիր կա: «Եթե թվում է, որ գոռալով, անհիմն մեղադրանքներ նետելով կամ «տեսե՛ք, տեսե՛ք արդարության պայքարի զինվորներն ենք» գոչելով՝ շահում ենք մարդկանց սիրտը, այդպես չէ: Դրանով ոչինչ էլ չենք շահում: Այս ձևաչափով այդ մարդիկ նվազագույնը ծիծաղելի իրավիճակում են հայտնվում: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են, մարդիկ ԱԺ անցնելու խնդիր ունեն, և այդ համատեքստում ամեն ինչ կարելի է սպասել: Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ խմբակցությունը մի զանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքացին ցանկացել է զրուցել իր հետ:

«Տեղեկանալով, որ տեղում չեմ, հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Աբովյանը՝ նշելով, որ դիմել են թե՛ ոստիկանություն, թե՛ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: 

Հ. Գ. Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա՝ նոյեմբերի 13–ի՝ Երևանի ավագանու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ–որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել, ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular