ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հետաքննությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը հաշվի է առնում Սաուդյան Արաբիայի իշխանությունների դիրքորոշումը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության հարցով, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը հանցագործության բոլոր մանրամասները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Համապատասխան հայտարարությունն արել է Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է DW-ն։
Փաստաթղթում մասնավորապես ասված է, որ չնայած արդարության հասնելու ցանկությանը, ԵՄ-ն վճռականորեն հանդես է գալիս մահապատժի դեմ, ինչիպիսին էլ հանցագործության հանգամանքներնը լինեն։
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ո՛չ ԿՀՎ-ն, ո՛չ ամերիկյան կառավարությունը դեռ պատրաստ չեն վերջնական եզրահանգումներ կատարել այն մասին, թե ով է պատասխանատվություն կրում այս հանցագործության համար։