ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Մարգարյանից ՀՅԴ–ում դժգո՞հ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է՝ ՀՅԴ ԳՄ–ի կողմից վարվող քաղաքականությունից ընդհանրապես գոհ չեն ՀՅԴ հատկապես արտերկրի ներկայացուցիչները: Ու թեև աղմուկ չբարձրացնելու համար նախկինում կուսակցական խողովակներով էին իրենց զայրույթն արտահայտում, հիմա արդեն սկսել են ՀՅԴ–ի կողմից իրականացրած սխալների և ներկա վարկանիշի մասին հնարավոր բոլոր եղանակներով բարձրաձայնել:

1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ ներքևի օղակների և արտերկրի կուսակիցների դժգոհությունները ուղղված են հիմնականում ՀՅԴ վերին էշելոնների կուսակցական ընկերներին, ովքեր, նրանց կարծիքով, հատկապես վերջին շրջանում այնքան վատ են աշխատում և այնքան սխալներ են թույլ տվել, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ իրենց կուսակիցներն են հրաժարվում ՀՅԴ–ին ձայն տալ: Դժգոհ են նաև Հրանտ Մարգարյանից, ով, ըստ մեր տեղեկությունների, ՀՅԴ Իրանի թևն է ներկայացնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կուսակցության իրանական թևի ներկայացուցիչները ցանկանում են նրան հետ կանչել և հեռացնել ՀՅԴ շարքերից: Մարգարյանն էլ իմանալով՝ իրեն ինչ է սպասվում, չի մեկնում Իրան:

Ամենայն հավանականությամբ, լռության քողը կպատռվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կարող է շատ ջրեր հոսեն: Եվ որպեսզի այս կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կուսակցության վարկանիշն է՛լ ավելի չընկնի, ՀՅԴ–ականները փորձում են մի կողմ թողնել դժգոհությունները և անել հնարավորը՝ առաջիկա ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Լուրը ճշտելու համար 1or.am-ը կապ հաստատեց Հրանտ Մարգարյանի հետ, սակայն նա առանց հարցը լսելու ասաց, որ հեռախոսով տրված որևէ հարցի չի պատասխանի: Դիտարկմանը, թե մեր նպատակն ընդամենը խմբագրության ստացած լուրը ճշտելն է և ընդամենը ցանկանում ենք այն հաստատել կամ հերքել, Հրանտ Մարգարյանը նորից կրկնեց, թե հեռախոսով որևէ հարցի չի պատասխանի, անգամ այո կամ ոչ չի ասի:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արմեն Ռուստամյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այս պարագայում, երբ մեր ձեռքի տակ հայտնված լուրի իսկությունը ճշտել չհաջողվեց, մեզ մնում է հրապարակավ ուղղել հարցը Հրանտ Մարգարյանին՝ հուսով, որ այս պարագայում արդեն կկարողանանք ստանալ մեր հարցի պատասխանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular