ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացան Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Երկու նախագահներն էլ բարձր են գնահատել երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ անձնական հարաբերությունները: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները երկուստեք որակվել են որպես ռազմավարական գործընկերային: Ալիեւ-Լուկաշենկո առանձնազրույցը տեւել է շուրջ երկու ժամ, դրան հետեւել են բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է առեւտրատնտեսական եւ լոգիստիկ համագործակցության վրա:

Ընդհանրապես, հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում: Կողմերը բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես շատ բարեկամական, եղբայրական երկիր, որի հետ ամենատարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։ Ալիեւն իր հերթին նշել է, որ ադրբեջանական հասարակության մոտ միշտ դրական զգացմունքներ են առաջանում Բելառուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

«Ադրբեջանում Բելառուսը դիտարկում են որպես եղբայրական երկիր եւ ամենամոտ գործընկերներից մեկը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դրան նպաստում են նաեւ երկու երկրների միջանձնային հարաբերությունները:

Ալիեւը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց սատարում են «բոլոր միջազգային կառույցներում»: Այս ակնարկը վերաբերվում էր նաեւ ՀԱՊԿ-ին, որտեղ Բելառուսը պարբերաբար հակահայկական քայլերի փորձեր է կատարում՝ այդպիսով սատարելով Ադրբեջանին:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի մեջ արձանագրել են «անցումը համագործակցության եւ բարեկամության նոր մակարդակին»: Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Արցախյան հարցին. «Հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Հայտարարությունում նախագահները նաեւ ընդգծել են հակամարտության՝ սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղ կարգավորման կարեւորությունը: Բելառուսի այդ դիրքորոշման համար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «իր եւ ադրբեջանցի ժողովրդի անունից»:

Հայտարարությունը գործնական առումով անիմաստ է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից բացի ոչ ոք մանդատ չունի այս խնդրով զբաղվելու: Այն, խոշոր հաշվով, նաեւ անբովանդակային է՝ ելնելով նրանից, որ դրանում նշված չի Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւորագույն դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այդուհանդերձ, հայտարարության առկայության փաստը եւ «հակամարտության խաղաղ կարգավորման» կարեւորումը ողջունելի կլինեին, եթե կողմերը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն չկնքեին: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն, ըստ Ալիեւի, «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

Իրենց հրապարակային ելույթներում եւ ստորագրված փաստաթղթերում Լուկաշենկոն եւ Ալիեւը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ զարգացող սկանդալը քննարկման առարկա չի եղել նրանց առանձնազրույցի ընթացքում: Իսկ այդ սկանդալի ֆոնին ռազմական հուշագրի ստորագրումը լուրջ ազդակ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար:

Ռուսաստանը ապրիլյան պատերազմից եւ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում զրկվել է Ադրբեջանին անհետեւանք զենք վաճառելու հնարավորությունից: Այժմ նման գործարքը հզոր բողոքի ալիք կբարձրացներ հայ հասարակության շրջանում, ինչը Ռուսաստանին ամենեւին պետք չէ: Բելառուսը, թերեւս, կփորձի հետագայում եւս օգտվել այդ իրավիճակից՝ ձգտելով լրացնել Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների ոլորտում Ռուսաստանի թողած բացը:

ՀԱՊԿ-ի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է: ՀԱՊԿ անդամ պետության կողմից նոմինալ դաշնակցի հակառակորդին զենքի մատակարարումն, ամենայն հավանականությամբ, ավելի կխորացնի ճգնաժամը կառույցի ներսում եւ կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել ռազմաքաղաքական միավորման տրամաբանությունը: Բելառուսն այս քայլով, ըստ էության, անիմաստ է դարձնում ՀԱՊԿ-ի գործոնը: Ամեն դեպքում ժամանակ դեռեւս կա, եւ այս հարցերը կարող են բարձրաձայնվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular