ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ամեն ինչ ասում ես՝ չասելով ոչինչ. ինչի՞ մասին է ջուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռագույն փողկապ և չորս ժամ: Ահա այն երկու հիմնական տպավորությունները, որ կարելի էր ստանալ նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից: Ու չնայած այն հանգամանքին, որ ասուլիսը տևեց սովորականից երկար, հնչեցին բազմաթիվ հարցեր ու բազմաթիվ պատասխաններ, բայց ասուլիսի ընդհանուր ազդեցությունը քաղաքական քննարկումների վրա հնարավոր է գնահատել միայն բուն ասուլիսի տևողության ու Փաշինյանի եռագույն փողկապի մատնանշմամբ:

Մեր նախորդ խմբագրականներից մեկում արդեն նշել էինք, որ հրապարակային խոսքի բովանդակությունը ստուգելու մի պարզ մեթոդ կա՝ պետք է փորձել բանավոր խոսքը վերածել գրավոր տեքստի: Ցավոք, սակայն, այս մեթոդով շարժվելու դեպքում չորս ժամանոց ասուլիսից որևէ բովանդակային ասելիք հնարավոր չեղավ քամել: Նույնը կարելի է ասել երեկվա՝ Արագածոտնի մարզի հանդիպման մասին: 

Իհարկե, ինքնին ասուլիսի փաստը ողջունելի է, ինչպես ողջունելի է նոր իշխանությունների ու հատկապես Փաշինյանի բաց հաղորդակցվելու միտումը հանրության և ԶԼՄ–ների հետ: Նախկինում այս ամենը չկար, իսկ հիմա ոչ միայն կա, այլև դարձել է այս իշխանության հիմնական տարբերակող հատկանիշներից մեկը: Սակայն այս ամենով հանդերձ բաց հաղորդակցությունը կարևոր է այն ժամանակ, երբ հիմքում կա բովանդակություն, քննարկման նյութ: Երբ բովանդակություն չկա, լավ կամ վատ, բաց կամ փակ հաղորդակցությունը ընդամենը դառնում է էսթետիկական մանրուք:

Փաշինյանն, անշուշտ, պատասխանեց բոլոր հարցերին, բայց թե՛ պատասխանները, թե՛ հարցերը, ըստ էության, կանխատեսելիության դաշտից էին: Ասուլիսն ընդհանուր առմամբ տեղավորվում է իշխանության վերջին շրջանի գործունեության տրամաբանության մեջ ու ինչպես այդ նույն տրամաբանությունն է, ասուլիսը ևս կարելի է անվանել հերթական ասուլիս կամ սովորական ասուլիս: Առնվազն ոչ հեղափոխական ասուլիս, ոչ հեղափոխական ասելիքով ու ապագայի հեղափոխական անելիքների մասին պատմող ասուլիս:

Հնարավոր է, իհարկե, գտնել օբյեկտիվ հիմնավորումներ առ այն, որ նախընտրական շրջանն ահռելի էներգիա է խլում քաղաքական ուժերից, հատկապես իշխանությունից, որը քարոզարշավին զուգահեռ ստիպված է նաև շարունակել պետական կառավարման գործառույթների իրացումը:

Բայց նաև հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե հերթական ընտրությունների ու այդ ընտրություններին պատրաստվող հերթական իշխանության, այլ հեղափոխության և նրա առաջնորդի հետ, որի ամեն մի խոսք ընկալվում է կրկին ոչ թե որպես հերթական, այլ արտասովոր, քաղաքական բովանդակություն և ռիթմ թելադրող:

Եթե ասուլիսը գնահատենք հերթականի ու սովորականի դիրքերից, ապա գուցե նվազեցնենք նաև մեր սպասելիքները: Բայց հերթականն ու սովորականը չեն կարող լինել օբյեկտիվ դիտանկյուն, քանի որ այդպիսին չէ իրավիճակը: Իրավիճակն արտակարգ ու արտասովոր է, հետևաբար իրավիճակի մասին հնչող գնահատականներն ու մտքերն էլ պետք է լինեն այդպիսին: 

Իմիջիայլոց. օգտագործելով «պետք է» ձևակերպումը՝ ակամայից չենք կարող չհիշել, որ այն դարձել էր երեկվա ասուլիսի ամենաշատ օգտագործված ձևակերպումներից մեկը: Պետք է անենք սա, պետք է այնպես անենք, որ...և այլն: Նաև հենց այս փոքրիկ դրվագում է, որ արտահայտվում է բովանդակային ասելիքի բացակայությունը, որովհետև իշխանությունը, որին վստահված է պետական գործառույթների իրացումը ոչ թե պետք է անի, այլ կամ՛ արդեն անում է, կա՛մ ծրագրել է առաջիկայում: 

Ընդհանրապես նախընտրական Հայաստանում դատարկ տեքստերի, օդի տատանման և ծեծվող ջրի քանակը հասել է այնպիսի մասշտաբների, որ կարելի է շնչահեղձ լինել: Սա, անշուշտ, միայն իշխանությունների «այիբը» չէ, ավելին՝ սա միայն այս իշխանությունների «այիբը» չէ: Պարզապես իրավիճակի արտասովորությունն ու սահմանված սպասելիքներն այդ «այիբը» դարձնում են առավել քան ակներև: Հայաստանը գնում է իր համար վճռական քաղաքական նոր շրջափուլի՝ առանց բովանդակային քարոզարշավի, առանց քաղաքականության վերանայման բովանդակային ազդակների: Նոր Հայաստանը դեռևս չի գտել նոր քաղաքական լեզվամտածողություն: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular