ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի խառնեք ընտանիքը քաղաքականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական, հատկապես նախընտրական գործընթացները մանկապարտեզի հանդես չեն ու ենթադրում են որոշակի կոշտություն փոխադարձ քննադատությունների մեջ: Մեզ համար, բնականաբար, մի քիչ անսովոր է այդ կոշտությունը՝ հաշվի առնելով քաղաքական կյանքի որոշակի ստերիլությունը նախորդ տարիներին: Սակայն հիմա, երբ քաղաքական պրոցեսները մտել են առավել ակտիվ հուն, ակնհայտ է, որ կոշտությունից խուսափել այլևս հնարավոր չէ:

Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա բանավիճելու, քննադատելու քաղաքական մշակույթ, որոշակիորեն բարդացնում է կոշտ քաղաքական խոսքի ու քարոզչության խնդիրը: Շատ հաճախ քաղաքական կոշտության սահմանները հատվում են, մտնում անձնական, ընտանեկան դաշտեր: Սկսած հեղափոխության օրերից, քաղաքական տարբեր ուժերի տարբեր ներկայացուցիչների երեխաները հայտնվում են քաղաքական պայքարի կիզակետում, ինչն առնվազն անթույլատրելի է:

Նախ՝ Էդուարդ Շարմազանովի դստեր հայտնի նամակի ագրեսիվ հանրային արձագանքը, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձի շուրջ շրիշակի մակարդակից ցածր քննարկումները, հիմա էլ Արմեն Աշոտյանի որդիների հիշատակումը ու ի պատասխան որդի չունենալու հանգամանքը բարձրաձայնելը ի ցույց են դնում վերոնշյալ վտանգը, որին այսօր ականատես ենք լինում:

Այն, որ հեղափոխությունը քանդում է հին համակարգը, այդ համակարգի քաղաքական և արժեքային բաղադրիչները, նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը բացառապես քաղաքական պրոցես չէ: Բայց միաժամանակ հեղափոխությունը պետք է սահմանի իր արժեքային սահմանները, համակարգը, խաղի կանոնները: Իսկ քաղաքական խաղի կանոններում, անկախ այն հանգամանքից՝ դրանք գրվում են հանդարտ, թե հեղափոխական ժամանակներում, կա չգրված օրենք՝ ընտանիքին ու երեխաներին չկպնել:

Նախ՝ երբ զրույցը արդեն հասնում է անձնական ու ընտանեկան կյանքին, ապա ամենայն հավանականությամբ գործ ունենք փաստարկների բացակայության հետ: Երկրորդ՝ արժեքային իմաստով սա նշանակում է մարդուն խփել գոտկատեղից ներքև, նրան ռացիոնալ քաղաքական դաշտից տեղափոխել էմոցիոնալ հարթություն: Բնականաբար, հանրային գործիչները ունեն որոշակի պարտավորվածություն լինել թափանցիկ, այդ թվում՝ իրենց ընտանեկան և անձնական կարգավիճակի հարցում: Բայց թափանցիկ լինել չի նշանակում մտնել այս կամ այն գործչի ընտանիք, առավել ևս՝ ընտանիքը ներքաշել քաղաքական «բազառների» մեջ: 

Ի վերջո, եթե ոչ հիմա, ապա էլ երբ պետք է գրվեն քաղաքական հաղորդակցության նոր կանոններ, որոնք պետք է ի վերջո առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքական մշակույթը բարձրացնեն, այն տեղավորեն շատ պարզ, ընդունելի խաղի կանոնների մեջ: Վերջիվերջո հասկանալի է, որ այդ գործընթացը միակողմանի չէ, այն, եթե գործարկվեց, կիրառվելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ի վերջո, ինչ–որ մի պահից էլ այն գուցե արդեն քաղաքականից վերածվի հասարակական մշակույթի, դառնա հասարակական հարաբերություններում մոդայիկ դրսևորում: 

Հայաստանի քաղաքական լեզվամտածողությունն առանց այդ էլ լավ օրեր չի ապրում: Բոլոր սահմանները ջնջել՝ շփոթելով դա պայքարի մեթոդի, ազատականության հետ, նշանակում է ինչ–որ պահից բոլորով հանգել մի հանգրվանի, երբ որևէ զսպման մեխանիզմ, որևէ արժեքային ուղենիշ չի կարողանալու կանխել հանրային ու քաղաքական բախումների ալիքը: Սա խնդիր է, որը չի կարգավորվում օրենքով, գրված կանոններով: Պետք են չգրված, բայց բոլոր կողմերից ընդունելի խաղի կանոններ: Ի վերջո, նույնիսկ պատերազմի ժամանակ կան կանոններ, որոնք թշնամիները չեն խախտում: Սա խնդիր է, որի պատասխանատվության կրողն այժմ ողջ քաղաքական դաշտն է: Յուրաքանչյուր կողմ իր հերթին անելիք ունի այս միտումը կասեցնելու ու խաղի կանոններ սահմանելու հարցում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular