ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հետ է խոսում Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, և հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին: Արդյո՞ք տեղին է վերստին դիմել սև–սպիտակի, նախկին իշխանություններին քննադատելու, հակահեղափոխության վտանգը թմբկահարելու տրամաբանությանը, թե ոչ, դժվար է ասել: Չենք բացառում, որ կան անտեսանելի վտանգներ, որոնք Փաշինյանը փորձում է կանխել՝ ի սկզբանե դրանք բնում խեղդելով: 
 
Ինչևէ, ինչքան էլ հեղափոխական ժամանակների ու հենց Փաշինյանի հայտնի ոճի կոնտեքստում տեղի ունեցողը նորմալ է, կա խնդիր, որին հայաստանյան քաղաքական դաշտը բախվել է թե՛ նախկինում, թե՛ հիմա: Քարոզարշավների, հանրահավաքների ընթացքում քաղաքական դեմքերը խոսում են ոչ թե հավաքվածների հետ, այլ իրենց մրցակիցների: Այս երևույթն առավել ակներև է դառնում հիմա, երբ, օրինակ, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանին, կամ Գյումրիում փորձում է բացատրել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության իրական իմաստը:
 
Փաշինյանը, փաստացի, խոսում է ոչ թե Ստեփանավանի, Գյումրիի ու քարոզարշավային կանգառ հանդիսացող մյուս համայնքների բնակիչների հետ, այլ խոսում է նկարահանող խցիկի, ուղիղ եթերի առաջ նստած ինֆորմացիոն սպառողների, ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, մեդիադաշտի հետ: Բնականաբար, այսպես ասած, համապետական քաղաքական խնդիրներն ու օրակարգը, հատկապես հեղափոխական փխրուն ժամանակներում չեն կարող անմասն մնալ վարչապետի լեքսիկոնից, անկախ նրա գտնվելու վայրից: Բայց քարոզարշավային երեք օրերը ցույց են տալիս, որ այդ օրակարգերը դառնում են հիմնական՝ ստորադասելով տեղական խնդիրները, համայնքային խնդիրների քննարկումները:
 
Նույնիսկ եթե ի գիտություն ընդունենք Փաշինյանի նշած այն հանգամանքը, որ սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր ԱԺ ընտրություններ են, խնդիր ունենք համայնքային քաղաքականության մասին խոսակցության առումով: Ցավոք, այդ խոսակցությունն այժմ երկրորդվել է, հայտնվել է ընդհանուր հայաստանյան օրախնդիր քննարկումների ու ինֆորմացիոն հոսքի ստվերում: 
 
Մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ համայնքային, տեղական քաղաքականությունը փաստացի անտեսված է եղել թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ: Առաջարկվող նոր Ընտրական օրենսգրքի տոտալ համամասնական ընտրակարգի դրույթը ակնհայտորեն բերելու էր մի վիճակի, երբ մարզային, համայնքային քաղաքականության մասնակցությունը որոշումների կայացմանը հասնելու էր մինիմումի: Սա, իհարկե, իր հերթին չի նշանակում, թե գործող ռեյտինգային ընտրակարգն ապահովում է համայնքային քաղաքականության ներկայացվածությունը: Այն ապահովում է այդ մասնակցությունը միայն սիմվոլիկ իմաստով: Բովանդակային իմաստով ռեյտինգային համակարգը աղավաղում է համայնքային քաղաքականությունը, այն կրկին ծառայեցնում կուսակցությունների շահերին: 
 
Հասկանալով հանդերձ հեղափոխական իրավիճակի առանձնահատկությունները՝ չենք կարող չարձանագրել, որ չկա համայնքների, մարզերի մասին որևէ բովանդակային խոսակցություն: Թե՛ առաջարկվող ու չընդունված Ընտրական օրենսգիրքը, թե՛ ընթացող քարոզարշավի բովանդակությունը հուշում են դրա մասին: Ճշմարտության առջև չմեղանչելու համար նշենք, որ երեկ արդեն որոշակիորեն նկատվեց, որ Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, թեկուզ մասնակի, բայց սկսեց խոսել տեղական խնդիրներից: Հուսանք՝ քարոզարշավի թեժ մեկնարկը ու այդ մեկնարկի սահմանած նշաձողերը ու առաջնահերթությունները կփոփոխվեն, ու մարզային քարոզարշավը կլինի առիթ խոսելու մարզի բնակիչների հետ մարզի խնդիրներից, ոչ թե կդառնա հարթակ խոսելու առավել ընդհանուր, ընթացիկ քաղաքական մարտահրավերներից: 
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular