ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Նիկոյանը կարծում է, որ 4+4+4 ձևաչափով քննարկումներից շահելու են բոլորը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը դրական է գնահատում ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումները և կարծում է, որ դրանից շահելու են բոլորը:
«Ասեմ, որ դրական եմ գնահատում այն, որ ընդդիմադիր դաշտը և քաղաքացիական հասարակությունն առաջարկել են այդ ձևաչափը, իսկ իշխանություններն ականջալուր են եղել: Երևույթն ինքնին դրական է, իսկ իշխանությունները հենց այնպես չէ, որ համաձայնել են մասնակցել քննարկումներին, որովհետև այդ մտահոգությունը բոլորս էլ ունենք, որ անհրաժեշտ է բարձրացնել հանրության վստահության մակարդակը ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այդ մտահոգությունը բոլորս էլ ունենք, իսկ որպեսզի ավելի բարձր լինի այդ մակարդակը, պետք է հնարավորինս լայն քննարկումների արդյունքում որոշումներ կայացնել»,- մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոյանը:
Պատգամավորը հավելեց, որ նման ձևաչափում մաքսիմալիստական մոտեցումներն այնքան էլ ճիշտ չեն, երբ խոսքը բանակցային գործընթացի կամ քննարկումների մասին է լինում: «Այս դեպքում յուրաքանչյուր կողմ պետք է հասկանա, որ ինչ-որ հարցում պետք է զիջումների գնա: Եթե որևէ կողմ անում է առաջարկներ, որոնց ընդունումը իր հետևից չի բերելու լրացուցիչ խնդիրներ, ապա ինչու ոչ՝ կարելի է ընդունել դրանք: Եթե լինում են առաջարկներ, որոնց ընդունումը հանգեցնելու է նոր խնդիրների, իսկ մյուս կողմը հիմնավորում է, որ նման առաջարկները խնդրահարույց են, ապա այդ դեպքում էլ պետք է դրան ըմբռնումով մոտենալ»,- բացատրեց Սամվել Նիկոյանը:
4+4+4 ձևաչափով բանակցությունների շրջանակում հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին: Մարտի 30-ին այդ ձևաչափում առաջին քննարկմանը խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական խմբակցություններից մասնակցել են ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն:
«Ժառանգություն»-ը քննարկմանը չմասնակցեց: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստ ամյանը և Աղվան Վարդանյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը մասնակցել են «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular