«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀետհեղափոխական Հայաստանի քաղաքական քննարկումներում պարբերաբար առկայծում են մտքեր նոր իշխանությունների, հիմա էլ արդեն նոր խորհրդարանի ժամանակավորության մասին: Ընդ որում, այդպիսի մտքերը տարածվում են տրամագծորեն տարբեր, հաճախ հակադիր քաղաքական բևեռներից: Դժվար է ասել՝ արդյոք նման տրամաբանությամբ հնչող մտքերը արվում են պահի քարոզչական նպատակներից ելնելով, թե ոչ, բայց պարզ է մի բան՝ թե՛ այդ մտքերը արտահայտողները, թե՛ դրանց սպառողները սկսել են լուրջ ընդունել այդ մոտեցումը:
«Այս խորհրդարանը երկու տարվա կյանք ունի», «Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել է 6 ամիս» և նմանատիպ այլ մտքերն, իհարկե, գոյության իրավունք ունեն: Հատկապես, որ հետհեղափոխական իրավիճակը ստեղծում է որոշակի անկայունության, ապագայի անկանխատեսելիության քող, որն էլ դառնում է նմանատիպ կանխագուշակումների հիմք: Ընդ որում, չի բացառվում, որ այս կանխատեսումներից որոշները իրականություն դառնան:
Բայց այս մտածողությունը կարող է տեղի ունենալ կամ փակ լսարաններում, կամ խոհանոցներում: Քաղաքական սուբյեկտները իրենց հաշվարկները, առավել ևս իրենց քաղաքական դիրքավորումը չեն կարող կառուցել ֆորս–մաժորներ գուժելու կամ մրցակցի ձախողումը կանխատեսելու վրա: Անշուշտ, ցանկացած կենսունակ քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի արտահերթ պրոցեսների, պետք է պատրաստ լինի քնից արթնանալ ու մասնակցել արտահերթ որևէ ընտրության: Բայց սա չի նշանակում, թե ֆորս–մաժորին պատրաստ լինել նշանակում է քաղաքական ողջ մարտավարությունը կառուցել այդ ֆորս– մաժորների սպասման ակնկալիքի վրա:
Իրականության մեջ նմանատիպ չարագուշակ սպասումները ստեղծում են ոչ միայն քաղաքականության մասին հանրային այնպիսի ընկալում, որը տրամաչափորեն բերում է անկայունության ու անկանխատեսելիության, այլև դառնում են քաղաքական դաշտի անգործության հիմք: Քաղաքական ուժերը իրենք են սկսում հավատալ իրենց իսկ կողմից հնչեցվող կանխատեսումներին ու արդյունքում սպասում են, թե երբ պետք է այդ կանխատեսումները դրսևորվեն:
Ընդդիմադիր ուժերը գնում են հեշտ ճանապարհով՝ զբաղվում են դաշտը և ընկալումները իռացիոնալիզացնելով՝ հուսալով, որ այդ իռացիոնալ ալիքի տակ մի օր իշխանությունը կփլվի և իրենք կվերցնեն իշխանությունը: Իրականության մեջ, սակայն, քաղաքական ռացիոնալ հաշվարկներից գործունեությունը տեղափոխելով իռացիոնալ սպասումների դաշտ՝ իրենք իրենց զրկում են իրավիճակը սթափ գնահատելու և սպասման փոխարեն ժամանակը գործով լցնելու հնարավորությունից: Այս արատավոր մոտեցման ամենացավոտ դրսևորումները հատկապես տեսանելի են Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներում: Աշխարհը Հայաստանից ստանում է անկանխատեսելիության ազդակներ ու ինքը ևս սկսում է այդ ժամանակավորության պրիզմայով նայել Հայաստանին: Մյուս կողմից էլ Հայաստանի հակառակորդներն են գայթակղվում այս տրամաբանությամբ: Ու խնդիրն այստեղ այն չէ, որ իշխանությանը պետք չէ քննադատել, որովհետև «թուրքը տեսնում, ուրախանում է»: Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ ընկալվում է որպես իռացիոնալ, որպես ոչ վստահելի, մի դաշտ, որտեղ հիմնական դերակատարները չունեն կոմպրոմիս իշխանության, պետական ինստիտուտների գործունեության, ինստիտուցիոնալ հիշողության հանդեպ: Իսկ կանխատեսելիության բացակայությունը հատկապես մեր նման երկրի դեպքում լուրջ ինդիկատոր է արտաքին աշխարհի, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողների համար:
Ժամանակավորության մասին «բայղուշությունները» վտանգ ունեն խորացնել անհասկացվածության այն դրսևորումները, որոնք կան նաև Արցախի և Հայաստանի միջև: Այդ անհասկացվածության այն դրսևորումները, որոնք կան նաև Արցախի և Հայաստանի միջև: Այդ անհասկացվածությունը օբյեկտիվորեն կա, երկու հայկական պետությունների ղեկավարություններն ունեն միմյանց փոխճանաչման խնդիրներ, որոնք մինչ այս պահը հնարավոր է լինում լուծել կոմպրոմիսների միջոցով: Սակայն ժամանակավորության մասին պնդումները մի կողմից, ապոկալիպտիկ դրսևորումները՝ «Արցախը հանձնելու դավադիր պլանի» մասին մյուս կողմից, խորացնում են ցանկացած անվստահություն՝ այն հագեցնելով կասկածի կրծող որդերով, որոնք, ի հակառակ այդ դիսկուրսի հեղինակների, քանդելու են ոչ միայն նոր իշխանությունների, այլև պետության հիմքը:
Սա մեծ հաշվով նոր խնդիր չէ: Քաղաքական դիսկուրսը Հայաստանում վերջին տարիներին միշտ է եղել իռացիոնալ: Մի կողմից իշխանության ներփակ կեցվածքն ու լեգիտիմության դեֆիցիտը, մեկ այլ կողմից ընդդիմության հեշտ ճանապարհով գնալու մարտավարությունը բերել են նրան, ինչի ականատեսն ենք այսօր: Հիմա, սակայն, հաշվի առնելով իշխանության և դրա ձևավորման մեխանիզմների հանդեպ հանրային վստահության դրսևորումները, ստեղծում են բարենպաստ վիճակ, որպեսզի քաղաքական հիմնական դերակատարները փոխեն քաղաքական հռետորաբանության, մարտավարության հնացած ուղեցույցները ու միմյանց հետ սկսեն հարաբերվել առանց ֆորս–մաժորներ գուժելու, բացառապես ռացիոնալ պայքարի ու մրցակցության դաշտում: