ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի ինքնակենսագրականի տողատակը. հանրային քննարկման բացառումն ու դավադրության տեսության հետևանքները.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին համացանցում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականից մի հատված, որ առնչվում էր հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերին: Քոչարյանը բավական մանրամասն, տեղ–տեղ գեղարվեստական լեզվով համեմված ներկայացնում էր, թե ինչով է զբաղված եղել այդ օրը՝ նախքան ցավալի դեպքը և դեպքից հետո: Ընթերցողներից շատերը վստահաբար արդեն ծանոթ են գրքի այդ հատվածին, հետևաբար չենք զբաղվի դրա նկարագրությամբ:

Առավել հետաքրքրական է ոչ այնքան այն, որ նման մանրամասնություններով տեքստ հրապարակվում է այն պահին, երբ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, այլ, որ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը շանս է տալիս որոշակիորեն վերանայելու հին համակարգի մասին մեր պատկերացումները: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ Քոչարյանը բացում է այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են հիմնովին փոխել իր մասին հանրային ընկալումը կամ էլ գլխիվայր շրջել քաղաքական դաշտը: Ոչ էլ այն մասին է, որ գիրքն ու դրա բովանդակությունը պետք է ընդունել հալած յուղի պես: Ամենևին:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանի երկրորդ նախագահը ներկայացնում է իր ժամանակների հետաքրքիր իրադարձությունների մասին իր մոտեցումները՝ դրանք համեմելով որոշակի մանրամասներով, մանրամասներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ հայտնի չեն եղել, կա՛մ էլ մեկնաբանվել են ավելի շուտ բամբասանքի կամ «հավաստի աղբյուրների» մակարդակով: Ինչքանով են Քոչարյանի հայտնած մանրամասները իրականություն, դժվար է ասել: Բայց ինքնակենսագրականով Քոչարյանը դաշտ է բացում, որպեսզի այնտեղ ներկայացված հերոսները ևս սկսեն խոսել:

Իսկ խոսել պետք է, ինչքան էլ որ ցավոտ լինի շատերի համար, որովհետև նախորդ համակարգի հիմնական թերությունը հենց խոսքի բացակայությունն էր, հանրային քննարկման բացառումը, որը փոխակերպվում էր առավելապես դավադրության տեսություններով: Դավադրության տարբեր տեսություններն էլ սովորություն ունեն հայտնվել այնտեղ, որտեղ կա խոսքի, կապակցված ու ռացիոնալ մտքի, հաղորդակցության վակուում: Ինքնին դավադրությունը աշխարհը մեկնաբանելու հեշտ տարբերակներից մեկն է, երբ բազմաշերտ, հակասական իրողությունների շարքը ամբողջացվում է սև–սպիտակ գույներով ու միանշանակությամբ:

Այս իմաստով շատ լավ է, որ կան այնպիսի ինքնակենսագրականներ, որոնք անկախ իրենց բովանդակության ճշմարտացիությունից, հին համակարգի մասին խոսակցությունը միանշանակության դաշտից բերում են հակասականության, բազմաթիվ նյուանսների, բազմաթիվ հակադիր տեսակետների ու տեղի ունեցածի բազմաթիվ շերտերի հակադրման դաշտ: 

Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը եղել է փակ, և եթե չլիներ տեխնոլոգիական այն թռիչքը, որ եղավ աշխարհում ու հասավ նաև մեզ, գուցե այդպես փակ էլ մնար քաղաքականությունը: Նույնիսկ տեխնոլոգիական նման թռիչքի ու դրա թելադրած պայմաններում էր քաղաքականությունը փորձ արվում պահել հնարավորինս փակ: Հիմա, երբ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի հիմնական ուղերձը կարելի է ձևակերպել, որպես քաղաքականության վերադարձ հասարակությանը կամ հասարակության ակտիվ քաղաքականացում, խնդիր կա հասկանալու, վերլուծելու նախորդ համակարգը իր բազմաշերտությամբ ու հակասականություններով:

Հատկանշական է, որ հենց Քոչարյանի ինքնակենսագրականն է դառնում այդ բազմաշերտ հայացքի մեկնարկային ազդակը, որովհետև լինելով հին համակարգի ճարտարապետներից մեկը, միաժամանակ հայտնվելով նոր ձևավորվող համակարգում մեղադրյալի կարգավիճակում՝ Քոչարյանը փաստացի չունի կորցնելու ոչինչ, ինչի արդյունքում էլ ակամայից, գուցե սեփական այլ մոտիվացիաներից ելնելով՝ սկսում է պատմել մանրամասներ՝ բնականաբար իր մոտեցմամբ ու մեկնաբանմամբ: Էականն այստեղ, սակայն, Քոչարյանն ու իր գիրքը չեն: Էական է վերջապես ձերբազատվել միանշանակության սինդրոմից ու փորձել բավական բարդ պրոցեսները չպարզունակեցնել: Սա ոչ թե պատմագիտական խնդիր է, այլ շատ կոնկրետ քաղաքական, որովհետև ինչ լեզվով մենք մեկնաբանում ենք պատմությունը, այդպես էլ հակված ենք պատկերել ու մեկնաբանել ներկան: Չի կարող անցյալը նկարագրող լեզուն լինել պարզունակ, իսկ ներկան նկարագրվի բազմագույն ու բազմաշերտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular