ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի խոսքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են իրականացրել և իրենց արդարացի ձայնը բարձրացրել՝ ի նշան կառավարության այն որոշման, որով լուծարում կամ կրճատում եք որոշ նախարարությունների աշխատակազմերը:

Այս գործադուլն առաջինն է, որն ուղղված է Ձեր ղեկավարած կառավարության որոշման դեմ և առաջին զանգվածային բողոքն է ուղղված Ձեզ՝ մի մարդու, ով միշտ կրկնել է` «ընդունում է ժողովրդի կողմից առաջադրված արդարացի խաղի կանոնները»:

Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար,

մենք բոլորս, Ձեր հետ միասին, մերժել ենք ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը, դատական, իրավական կամայականությունները, կուսակցականացված ոչ պրոֆեսիոնալ կադրերի առաջմղումը և այլ արատավոր երևույթներ:

Դուք կարծում եք՝ սա՞ է այն ճանապարհը, որով պետք է «Նոր Հայաստանը» տարբերվի հին և նեխած արժեքային համակարգից և դառնա այն երկիրը, որն իր երազում ուներ յուրաքանչյուր հայ և Ձեզ իշխանության բերած մի ամբողջ ժողովուրդ:

Դուք կարծում եք՝ այդպե՞ս պետք է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կասեցնել արտագաղթն ու լուծել գործազրկության լրջագույն խնդիրը:

Իհարկե, հասկանում ենք, որ երկար տարիների կուտակված խնդիրները մի քանի ամսվա ընթացքում անհնար է լուծել, բայց գոնե դրանց լուծման ճիշտ ռազմավարությունն արդեն տեսանելի պետք է լիներ, ինչը, ցավոք սրտի, դեռ չի նշմարվում:

Ավելորդ չեմ համարում անդրադառնալ այն նախարարությունների փակմանը, որոնց մասին խոսվում է: Հայաստանի նման բազմադարյա մշակույթ ունեցող երկրում կրճատել Մշակույթի նախարարությունը՝ նույնն է, ինչ նվազեցնել մեր մշակույթի դերն ու նշանակությունը համաշխարհային մշակութային հարստության մեջ:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը՝ այն պետք է ոչ թե լուծարել, այլ խիստ անհրաժեշտ է առավել ընդլայնել և խորացնել մեր փոխհարաբերությունները, տարվող աշխատանքները սփյուռքի՝ հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների հետ, քանի որ գաղտնիք չէ՝ կա վտանգ, որ նրանք կարող են կտրել Հայաստանի հետ կապն ու նույնականացումը հայ էթնոսի հետ:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

ես կարծում եմ՝ նման ռազմավարական նշանակության որոշումները, որոնք կապված են հայերի ազգային և մշակութային արժեքների և Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հետ՝ պետք է կայացվեն համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում, ինչը և Դուք հռչակել եք առաջնահերթություն Ձեր քաղաքական օրակարգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular