ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական բլեֆներ և «փուչիկներ»՝ առավել աղմկահարույց սկանդալներ կոծկելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համարել պատահական, որ վերջին օրերին զուգահեռաբար լրատվական դաշտ են նետվում մեկը մեկից աղմկոտ պատմություններ ու «մուտիլովկաներ», միամտություն է:

Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող երևույթները և դրան զուգահեռ «մատուցվող» տեղեկատվա-քարոզչական ջանքերը կարելի է հաջողվածների շարքին դասել:

Օրինակ` մետրոպոլիտենում ուղևորների պայուսակները ստուգելու մասին լուրը, որը կրկին բավականին լուրջ արձագանքի արժանացավ: Ու մինչ հասարակությունը ուշի-ուշով հետևում էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով պետական կառույցներն ինչ օպերատիվությամբ են կարողանում գործել ու ամեն ինչ իրենց տեղը դնել` հասարակության ուշադրությունը շեղվեց բոլորովին այլ տեղ:

Այս ամենի մեջ գրեթե աննկատ մնաց կարևորագույն իրադարձությունը, ինչը, թվում է, պետք է շաբաթներ շարունակ չիջներ լրատվական թոփերից: Երկար դադարից հետո լրագրողներին ներկայացվավ ԱԱԾ Քննչական վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Միքայել Համբարձումյանը և սենսացիոն մանրամասներ ներկայացրեց անցյալ տարի Նորք-Մարաշի առանձնատանը ձերբակալված Արթուր Վարդանյանի և նրա կողմից հանցավոր խմբի գործով նախաքննության ընթացքի մասին: Ուշագրավ էին անգամ այն քարտեզներն ու սխեմաները, որի մասին նույնպես բավականին տեղեկություն տրամադրվեց: Հայտարարվեց նաև այն մասին, որ խումբը ֆինանսավորվել է հենց երկրի ներսից, ու հենց այն ժամանակ, երբ թվում էր, որ նման աղմկահարույց հայտարարությունից հետո մամուլը պետք է լծվեր ֆինանսավորողի ինքնությունը պարզելուն` հրապարակ նետվեց աղմկահարույց շղթայի հաջորդ օղակը` մի տեսանյութ, բոլորովին այլ թեմայով: Այս անգամ արդեն ձևաչափն այլ էր: Համացանց էր նետված «տեսանյութ» կոչվող ձայնագրությունը, իբր թե բացահայտում էր Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու կողմից ստեղծված ստվերային խմբին ու նրանց գործունեությունը:
Բնականաբար, հայտնի հանցավոր խումբն ու նրա ստվերային ֆինանսավորողը անմիջապես մոռացվեցին և սլաքներն ուղղվեցին նոր թեմայի տիրաժավորմանը: Մի տեսակ արդեն կասկածահարույց է` արդյո"ք պատահականորեն նույն օրը հրապարակվեց վերոնշյալ տեսանյութը` հանցավոր խմբի շուրջ սենսացիոն բացահայտումների ֆոնին: Ի վերջո, տեսանյութ կոչեցյալը պարզապես տեքստի ընթերցում է, ակնհայտ է, որ արված է հապշտապ և առանց բովանդակությանը առանձնակի ուշադրություն դարձնելու, հավանաբար նպատակի իրականացման համար բավարար էր սենսացիոն վերնագիրն ու համացանցային տիրույթներում արագ տիրաժավորումը:

Սակայն, սա էլ դեռ չմարսած` պաշտոնական խողովակներից կրկին տեղեկատվական հարթակ նետվեց մի լուր, թե մարտի 24-ի ահաբեկչության մասին տեղեկությունը ստացվել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից՝ ինտերնետային ցանցին հասանելիություն ձեռք բերելով երրորդ երկրի սերվերի միջոցով: Այստեղ էլ ուշագրավ էր այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում է պարզվել այս ամենը:

Այն, որ մեր անվտանգության ծառայություններն ու ուժային մարմինները բավականին լավ են աշխատում կասկած չկա, բայց այսքան զուգադիպություն` այն էլ մի քանի օրվա ընթացքում, հնարավոր չէ: Ամեն դեպքում, այս ամենը թույլ ե տալիս ոչ թե հիանալ եղածով, այլ կրկին անգամ մտածել, թե տեսնես այս անգամ ի՞նչ խաղ են սկսել խաղալ հասարակության հետ: Ու ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այս ամենն իրականում ինչ-որ ավելի լուրջ թեմայից շեղելու միտում չի հետապնդում, հակառակ դեպքում պետական կառույցների լրատվական ծառայություններն այդքան ջանասիրությամբ լծված չէին լինի ինչ-որ նամակ տարածելով ու հետո դրա մասին մեկ այլ տեղեկություն տրամադրելով:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular