«Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՕրերս «Դե ժպտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Ձմեռ պապի հետ միասին այցելել էին «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատուն, ուր արդեն շուրջ 5 տարի ապրում են 108 խնամքի կարիք ունեցող հաշմանդամ երեխաներ։ Տոնական միջոցառումը սկսվեց Ձմեռ պապի այցով, իսկ մանկատան սաները հյուրերին ողջունեցին իրենց գեղեցիկ և ուրախ կատարումներով: Կազմակերպության նախագահ Լանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ է, ինչ զբաղվում է բարեգործությամբ, այցեր է կազմակերպում հիմնականում այն խոցելի խմբերին, ովքեր մշտապես ուշադրության և ժպիտի կարիք ունեն: Անհատական և ընտանեկան բարեգործական այցելություններից բացի, վերջերս հիմնադրել է «Դե ժպտա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը այս պայծառ գաղափարի շուրջ համախմբելն է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են բարեգործությամբ, ովքեր իրենց ջերմությամբ և հոգատարությամբ ցանկություն ունեն ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց:
«Ես երբևէ չեմ փորձել ավելի շատ ջերմության կարիք ունեցող մարդկանց առանձնացնել մեզնից: Եվ եթե ամեն մեկս տարվա մեջ գեթ մեկ օր կամ մեկ ժամ տրամադրենք և լինենք նրանց կողքին և ջերմացնենք նրանց, ապա երջանկությունից փայլող նրանց աչքերն էլ մեզ կջերմացնեն»,- ասաց Լ. Հովհաննիսյանը:
Կազմակերպության ղեկավարը` սովորելով արտերկրում, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, վերջերս է վերադարձել հայրենիք, և հիմա փորձում է դրսի բարեգործական փորձը նույնպես իր հետ բերել Հայաստան և մի յուրօրինակ «հեղափոխություն» անել այս դաշտում: Ինքնաֆինանսավորմամբ աշխատող կազմակերպության ղեկավար Լ. Հովհաննիսյանը զրույցի ընթացքում նշեց նաև, որ նվերները հիմնականում հավաքվում է ընկերների, բարեկամների, ծանոթների միջոցով:
«Ինձ ոգևորում է, որ Հայաստանում շատ կան նմանատիպ կազմակերպություններ: Մենք ևս համագործակցում ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ և փորձում ենք ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց: Սա ընդամենը բարի գործ է , որը, կարծում եմ, անպայման շարունակական է լինելու»,- ասաց Լ. Հովհաննիսյանը: