ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ցուցադրվում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները

ՄՇԱԿՈՒՅԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ,  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոյին՝ նմանօրինակ նախաձեռնության միջոցով մեր երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ այս ցուցահանդեսը մեզանում եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Ձեզ, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում ձեր նախորդների երախտագործ ջանքը:

Աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող, և ուրեմն, միանգամայն օրինաչափ է, որ արդի մշակութային արեալում, այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ, մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում:

Նույն հոգևոր արմատից սնուցվող արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված, Կիլիկյան Հայաստանից մինչև Վենետիկ, մինչև ս. Ղազար կղզի, աշխարհիկ ու հոգևոր դասի բազմաթիվ նվիրական անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ-իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքն զգալիորեն պինդ է և հուսալի:

Եվ հենց այս զգացումով է, որ դարձյալ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին վենետիկյան դպրոցի հանճարների կենսուրախությամբ ու գեղանկարչության հուզականությամբ լի անկրկնելի աշխատանքները մեր հանրությանը ներկայացնելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին:

«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը ներկայացնում է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Այն ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Ստեղծագործություններն ամփոփված են թեմատիկ 4 ցուցադրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular