Գեներալ Մանվել Գրիգորյանը խոստացել է գնալ եւ ապրել Թալիշում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունն օգոստոսի 18-ից ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Արցախ, որի ընթացքում ԵԿՄ երեք սերնդի (89-94 թթ. մարտական գործողություններին մասնակցած, երիտասարդ եւ պատանի) հազարից ավելի անդամներ եղել են Արցախում, ծաղիկներ դրել հուշարձաններին, այցելել բնակիչներին: Այս մասին մեզ հայտնեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նույնպես օգոստոսի 19-ին միացել է ուխտագնացությանը եւ երեկ՝ օգոստոսի 25-ի երեկոյան է վերադարձել Հայաստան: Իսկ ուխտագնացության ժամանակ արցախցիների հետ քննարկվե՞լ է շրջանառության մեջ դրված հողերի հանձնման թեման, եւ ինչպիսի՞ն է եղել տեղի բնակչության արձագանքը։ ԵԿՄ մամուլի խոսնակը պատասխանեց. «Արցախում հող հանձնելու տրամադրություն առկա չէ, բնակչությունը, բոլորն էլ ասում են, որ միանշանակ մնալու են եւ պահելու են իրենց հողը…»:
Մանվել Գրիգորյանը, ինչպես հավաստիացրեց Վարդան Վարդանյանը, գումար է հատկացրել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գրեթե լիովին ավերված Թալիշ համայնքի ղեկավարին՝ գյուղի զարգացման ծրագրերի համար: «Նույնիսկ Թալիշի գյուղապետին եւ Մարտակերտի ղեկավարին կեսկատակ ասաց, թե՝ տեսեք, հա՜, եթե Թալիշ չգնացիք ապրելու, ապա մենք ենք գնալու այդտեղ ապրենք, Թալիշը պետք է անպայման բնակեցվի, դրան այլընտրանք չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: