«168 ժամ». «Լուսամուտը դրիմ...». Կառավարությունը տեղապտույտի մեջ է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել խոստացված բարեփոխումները։ Ժամանակն անցնում է, իսկ գործընթացները տեղից չեն շարժվում։
Անցած մեկ տարվա ընթացքում, հայտարարություններից բացի, այդպես էլ որեւէ ոլորտում առարկայական բարեփոխումներ չիրականացվեցին։ Կառավարությունը շատ երկար է մտածում` մինչեւ որոշում կայացնելը։
Ամիսներ պահանջվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ի մի բերել կառավարման համակարգի կառուցվածքը։ Չնայած այդպես էլ դրա հիմքում որեւէ տրամաբանական հիմնավորում չհաջողվեց դնել։
Դեռեւս կառավարման համակարգի բարեփոխումները չսկսած` կառավարությունը, թեկուզ ժամանակավոր, բայց ստիպված էր հետ կանգնել այն առանցքային նպատակից, ինչի համար նախաձեռնել էր այս ամենը։ Խոսքն օպտիմալացման մասին է: Վախենալով հնարավոր հասարակական դժգոհություններից ու բացասական հետեւանքներից`այս փուլում կառավարությունը ստիպված էր հրաժարվել կտրուկ քայլերի գնալուց։ Այժմ արդեն հայտարարվում է, որ նախարարությունների միացման առաջին փուլում կկրճատվի շուրջ 100 մարդ։
Թե ե՞րբ կսկսվի օպտիմալացման երկրորդ փուլը, առայժմ կառավարությունը չի ցանկանում բացահայտել` զգուշանալով հնարավոր դժգոհություններից։
Ամեն ինչ թողնված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հույսին, որոնք հիմնականում կտրված են իրականությունից եւ չունեն բավարար հիմնավորումներ։ Այնպես, ինչպես եղավ տնտեսության թռիքաձեւ աճի կամ տնտեսական հեղափոխության դեպքում։ Այսօր արդեն քչերն են սպասում Հայաստանի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը։ Նույնիսկ վարչապետն է դադարել խոսել այդ մասին։
Զուտ բարի ցանկություն է տնտեսական հեղափոխություն ասվածը, եթե դրա համար հիմքեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մինչեւ հիմա գրեթե ոչինչ չի արել տնտեսական դաշտում խթաներ ստեղծելու համար։
Ներդրումային դաշտը նախկինում մի բան չէր, իշխանափոխությունից հետո պարզապես կաթվածահար վիճակում է։ Անհասկանալի է, թե ինչ է մտածում կառավարությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։
Այդքանից հետո պատահական չէ, որ տնտեսական հեղափոխության իրականացման հույսը մնացել է վարկերը։ Ու ինչքան էլ կառավարությունը փորձում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորել վարկերի տոկոսները, դեռ մեծ հարց է, թե դրանով ում է ավելի շատ լավություն անում` առեւտրային բանկերի՞ն, թե՞ տնտեսությանը։ Ինչքան էլ ցանկությունը գուցե մեծ է, այնուհանդերձ, վարկերով տնտեսական հեղափոխություն չեն անում։
Անընդհատ խոսվում է արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու, արտահանումը խրախուսելու մասին։ Այսքան ժամանակ ի՞նչ քայլեր է արել կառավարությունն այդ ուղղությամբ։ Ընդհակառակը` մի բան էլ նոր խնդիրներ է ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների պատշաճ կազմակերպման եւ իրականացման ճանապարհին, որոնք վաղն արտադրողներին կարող են կանգնեցնել շատ լուրջ բարդությունների առջեւ։
Հիշենք հայտնի անեկդոտը, որը նա ոգեւորված պատմում էր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ. «Նորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս, մտնում է նորոգվող տուն եւ տեսնում, որ վարպետը` Պետոն, ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»:
Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց աշխատանքներն այդպես էլ լուսամուտը դնելուց այն կողմ չեն անցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում