Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան
ԻՐԱՎՈՒՆՔ«Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է այլ անձանց՝ ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից»,-այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Մեզ հայտնի չէ՝ կա՞ն քերական գործեր հարուցված այդ որոշ մարդկանց նկատմամբ կամ կա՞ն ձերբակալված անձինք կամ նրանց գտնելու համար քննչական գործողություններ արվե՞լ են թե՞ ոչ»։
«Որոշ մարդիկ» ասելով՝ Քոչարյանը նկատի ունի իր եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի այն անձանց, որոնք հիշատակված են մեղադրանքում. «Ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ մարդիկ, ովքեր, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով՝ ներգրավվելով 2008 թվականի մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ ազատությունները ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը»,-ընթերցեց Հայկ Ալումյանը։
Վերջինիս խոսքով՝ մեղադրանքում թվարկվում է, թե այդ որոշ անձինք ինչեր են արել՝ առանց նշելու նրանցից գոնե մեկի անունը։
Ռոբերտ Քոչարյանը ենթադրեց, թե այդ դրվագը ինչու է առկա գործում. «Ես կարող եմ ենթադրություն անել. քանի որ տասը սպանության փաստը այդ քրեական գործում չկա, այդ դրվագը մտցվել է մարդկանց ուղիղ հասցնելու համար, թե կարող են այդ սպանությունները կատարված լինել մեր մերձավոր մարդկանց կողմից, այլ հիմնավորում, թե ինչու են այս դրվագը մտցրել մեղադրանքի մեջ, ես չունեմ»,-ասաց նա։