ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուներին անմոռաց պահեր են սպասվում

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Զուգադիպություն է, թե պատահականություն, բայց առաջին անգամ Թանգարանների միջազգային օրը համընկել է Թանգարանների գիշեր ամենամյա միջոցառման հետ: Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 18-ին ժամը 11.00-ից մինչև 24.00-ը Հայաստանի բոլոր թանգարանների մուտքն անվճար է:

 

Օրվա առիթով հետաքրքիր միջոցառումների շարք է կազմակերպվել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Եվ այսպես. առավոտյան ժամը 11.00-ից այցելուները կարող են ծանոթանալ «Կարմիր բլուր» հնավայրի հետ, որը կգործի մինչև ժամը 17.00-ը: Ժամը 11.00-ից մինչև 20.00-ն, այցելուները կարող են ծանոթանալ «Շենգավիթ» հնավայր-թանգարանի ցուցադրությանը:

 

Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ժամը11.00-ից 24.00-ն, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» ցուցահանդեսին:

 

Օրվա խորհուրդն ավետող միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը Էրեբունի թանգարանում տեղի կունենա ժամը 15.00-ին, որին կհաջորդեն մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Վարպետաց դաս՝ կավագործ Բարսեղ Հարությունյանի մասնակցությամբ: Նա կներկայացնի հայկական կավագործության ավանդույթները:

 

«Էրեբունի» միջնաբերդի հարակից տարածքում կանցկացվեն նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ նետ ու աղեղներով կրակել թիրախին:

 

Էրեբունի թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրում դպրոցի սաներն ու բոլոր դպրոցահասակները հնարավորություն կունենան ծանոթանալ պեղումների գործիքներին, պեղման տեխնիկային և նրբություններին: Բացի այդ, ցանկացողները կարող են ուսումնական պեղավայրում ինքնուրույն հեռացնել հողի շերտերը և գտնել հողի տակ թաքնված իրերը:

 

Ժամը 18.00-ից 20.00-ն, թանգարանի մեկ այլ սրահում Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ անց կկացվեն «Էրեբունու որմնանկարները» գորգագործության և կարպետագործության ցուցադրական դասեր: Կցուցադրվեն նաև հնագիտական ժառանգության մասին ֆիլմեր, իսկ ժամը 21.00-ին Էրեբունի թանգարանի ներքին բակում «Այրոգի» ստվերների թատրոնը կցուցադրի ներկայացում:

 

Ավարտից հետո այցելուները հնարավորություն կունենան զբոսնել գիշերային Էրեբունի միջնաբերդում և վայելել այնտեղից բացվող երևանյան անկրկնելի տեսարանը: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի կազմակերպած տոնական օրվա ավարտին, այցելուները հնարավորություն կունենան վայելել նաև հայկական ֆոլկ երաժշտություն «Թառափ» տրիոյի կատարմամբ:

 

Այնպես, որ տանը նստելու փոխարեն այցելեք թանգարաններ, ծանոթացեք մեր պատմամշակութային ժառանգությանը, իսկ առավել հագեցած ժամանցով օրը լցնելու ցանկության դեպքում այցելեք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և ծանոթացեք հայոց հնագույն ժառանգությանը, Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագրին, որը նաև Երևանի ծննդյան վկայականն է, ուրարտական մշակույթին և էնեոլիթյան ժամանակաշրջանի բնակատեղիին, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներ:

 

 

 

Արմինե Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular