ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տեղի կունենա իշխանության ներսում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ն իր վերլուծականում գրում է․


Գրեթե կասկած չկար, որ իշխանությունն Ընտրական օրենսգրքի շուրջ կայացված «լայն համաձայնությունը» չեղարկելու է առաջին իսկ հարմար առիթով: Կասկած չկա, որ դա միանգամայն սպասելի էր նաև համաձայնության այսպես կոչված ընդդիմադիր կողմերի համար:

Այդ իմաստով, այն, ինչ արձանագրվել է նախօրեին, երբ ԿԸՀ նախագահ Մուկուչյանն արտահերթ նիստում ազդարարել է ԸՕ վերաբերյալ համաձայնությունների չեղարկումը՝ քանի որ չեն գտնվել տեխնիկական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ, սպասելի էր բոլորի համար: Եվ դրա մասին է վկայում այն, որ համաձայնության կողմերն իրենք շատ հանգիստ են տանում այդ իրողությունը: Իհարկե այժմ իշխանությանը ներկայացվում է այդ չեղարկված գործոնների փոխարեն ուրեմն հրապարակել ընտրություններին մասնակից ընտրողների ստորագրված ցուցակները, սակայն, դա արդեն ըստ ամենայնի ունի իլյուստրացիոն բնույթ:

Խնդիրը այն է, որ Հայաստանում հուլիսյան զարգացումներից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որում Ընտրական օրենսգիրքը այլևս հրատապ չէ, կարևոր չէ: Բանն այն է, որ ներքաղաքական կամ ներհասարակական տրամադրությունների վրա իշխող է դարձել մի ուժ, որը չի ընդունում ընտրությունների մասնակցության գաղափարը:

Խոսքը Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կամ Հիմնադիր Խորհրդարանի մասին է: Ինչպես էլ չգնահատենք իրավիճակը, ինչպես էլ որակենք նրանց կատարած քայլը ընդունելի կամ չընդունելի լինելու տեսանկյունից, ակնհայտ և անհերքելի է, որ այդ ուժն իր գործողությամբ, ինչպես նաև հետագա ճակատագրով, որ առաջիկա ամիսներին կանցնի թերևս բանտային կամ հիվանդանոցային պայմաններում, դոմինանտ է դարձել հանրության և՛ մտքերի և՛ նաև էմոցիաների տեսանկյունից: Իսկ դա արդեն, ընտրական գործընթացի մասով զգալիորեն ազատում է իշխանությունների ձեռքերը, ինչից էլ բնականաբար նրանք անմիջապես օգտվեցին և հարմար պահին չեղարկեցին Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունները:

Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է, որ իշխանությունները չգնացին լիովին առճակատման տարբերակին: Նրանք օգտագործեցին պահը այսպես ասած ընդդիմադիր ուժերի հանդեպ դիրքային առավելության հասնելու համար, բայց պարզապես այդ առավելության դիրքից համակեցության կամ խաղի նոր կանոններ թելադրելու համար: Իսկ այդ նորը հնչեց Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթում՝ ազգային համաձայնության կառավարության գաղափարի տեսքով:

Այդպիսով, ինչ որ իմաստով նույնիսկ իշխանությունը «ապրանքափոխանակություն» է կատարել՝ հետ է վերցրել ԸՕ-ն, դրա փոխարեն ընդդիմությանը կամ քաղաքական ուժերին առաջարկել է ազգային համաձայնության կառավարության գաղափարը:

Այսինքն, իշխանությունը առաջարկում է այդ ուժերին, որպեսզի նրանք հավանություն տան ընտրությունների իշխանական սցենարին, դրա փոխարեն ստանան որոշակի երաշխավորված արդյունքներ և առավել երկարաժամկետ հեռանկարներ այդ ազգային համաձայնության կառավարության տեսքով: Իհարկե այստեղ էլ կասկած չկա, որ առաջին իսկ հարմար առիթով իշխանությունը հրաժարվելու է նաև այդ գաղափարից: Պարզապես այստեղ մի իրավիճակ է, երբ ընդդիմադիր ուժերը կամ քաղաքական դաշտը չունեն առանձնապես մեծ ընտրության հնարավորություն:

Հուլիսի 17-ից 31-ի զարգացումները այդ իմաստով իսկապես էական փոփոխություններ են առաջ բերել հասարակական-քաղաքական կյանքում և ձևավորել նոր «նյարդեր», որոնք հաշվի չառնելը հնարավոր չէ, անկախ դրանց հանդեպ վերաբերմունքից:

Ըստ այդմ, քաղաքական ուժերը հայտնվում են որոշակիորեն երկու քարի արանքում, հատկապես այն պարագայում, երբ գործնականում խիստ տեսական են որևէ ազդեցիկ նախընտրական դաշինքի հեռանկարները, որը կարող է էապես փոխել իրավիճակը, որոշակիորեն հետին պլան մղել հուլիսյան զարգացումների ազդեցությունն ու իրավիճակ թելադրել թե՛ հանրությանը, թե՛ իշխանությանը:

Այդպիսի գործնական, շոշափելի նախադրյալների և հեռանկարների բացակայությունն էլ քաղաքական ուժերին զրկում է առկա նոր իրավիճակում ճկունության հնարավորությունից և կարծես թե չի թողնում այլ ելք, քան ընդունել իշխանության նախընտրական խաղի նոր կանոնները: Մյուս կողմից, իշխանությունն իհարկե այդ հարցում իրեն պահում է շատ զգույշ, քաղաքական ուժերին անկյուն չմղելու և այդպիսով որոշակի կարծր դիրքորոշումներ չսադրելու համար:


Ընդհանուր առմամբ, նախընտրական շրջանը թևակոխում է դիրքային պայքարի նոր փուլ, որտեղ իշխանությունը ստացել է որոշակի խաղային առավելություն: Պետք է ենթադրել, որ դա իհարկե նախընտրական հասարակական-քաղաքական գործընթացների տրանսֆորմացիայի ամենևին վերջին փուլը չէ, իսկ հաջորդն ըստ երևույթին կկրի առավելապես ներիշխանական բնույթ:

Արտաիշխանական դաշտի հանդեպ դիրքային որոշակի առավելությունն այդ իմաստով բերելու է արդեն իշխանության ներսում նախընտրական հարաբերությունների պարզաբանման առավել թեժ և դինամիկ զարգացումների, որտեղ Սերժ Սարգսյանը փորձելու է ձևավորել հնարավորինս հուսալի ներիշխանական ստատուս-քվո նախընտրական եզրափակիչ փուլ մտնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular