ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիսկի տակ է մեր ամենագլխավոր պարտքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ն՝ իր վերլուծականում գրում է․

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի պարտքի դիմաց կայանը վաճառելու տարբերակը:

Այդ հայտարարության նպատակն է երևի թե ցրել կասկածները, որ առաջացել էին հասարակության շրջանում, երբ տարածվեց «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի 52 միլիոն դոլարի պարտքի մասին տեղեկատվությունը: Եթե պարտք Ռուսաստանին, ապա ամենայն հավանականությամբ՝ դրա դիմաց որևէ ռազմավարական գույք: Ահա այն մոտեցումը, որ Հայաստանում գործել է մեկուկես տասնամյակ շարունակ, և ելնելով դրանից՝ հասարակությունը, հասկանալիորեն, տագնապեց, որ հավանաբար այժմ էլ մոտենում ենք նմանօրինակ մի գործարքի:

Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է, որ չի լինի նման բան: Դժվար է ասել, թե ինչքանով են վստահելի Հայաստանի իշխանական որևէ գերատեսչության նմանօրինակ հավաստիացումները, եթե նկատի ունենանք այն, թե ինչեր են հնչել այս տարիների ընթացքում իշխանական հայտարարությունների, ելույթների տեսքով, և դրանցից քանի հազարերորդական տոկոսն է դարձել իրականություն:

Սակայն խնդիրն այն է, որ հարցը փակված չէ միայն հայտարարությամբ, թե՝ ՋԷԿ-ի պատկանելությունը չի վերանայվի, և այն կմնա Հայաստանի սեփականություն: Բանն այն է, որ խնդիրը ավելի խորն է, և պարբերաբար պարզվում է, որ Հայաստանի այս կամ այն ոլորտում կուտակվում են տասնյակ և հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր: Ըստ որում, այստեղ նույնիսկ էական էլ չէ, թե ովքեր են պարտատերերը, ում հանդեպ են այդ պարտքերը կուտակվում: Խնդիրն այն է, որ Հայաստանը վերածվել է պարտքով ապրող երկրի: Միայն վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը ըստ էության ավելացել է մոտ երկու միլիարդ դոլարով կամ շուտով կհասնի այդ շեմին:
Հայաստանում տնտեսական քաղաքականության բոլոր մեթոդներից փաստորեն գործում է միայն մեկը՝ պարտք վերցնելը: Թեև դա էլ դառնում է ավելի ու ավելի դժվար, սակայն զուտ գոյություն պահպանելու համար պարտք տվող, իհարկե, միշտ էլ կգտնվի:

Մինչդեռ Հայաստանը ոչ թե գոյություն պահպանելու, այլ հենց այդ ռեժիմից ճեղքման, արագ և արմատական շրջադարձի ու զարգացման ընթացք մտնելու կենսական անհրաժեշտություն ունի, քանի որ հակառակ դեպքում Հայաստանն անկարող է լինելու լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առկա են ներքին և արտաքին ոլորտներում, անկարող է լինելու կրել չավարտված պատերազմի բեռը ևս մի քանի տասնամյակ: Իսկ այդ բեռը, ըստ ամենայնի, դեռ այդքան էլ կշարունակի մնալ Հայաստանի վրա, որը, սակայն, բեռ է պայմանական իմաստով, քանի որ դա Հայաստանի հաղթանակն է, և այն պահելու համար է պետք նաև արագ և արմատական զարգացումն ու արդիականացումը:


Ահա այս ամենի փոխարեն՝ մենք ունենք պարտքով ապրող Հայաստան և կարծես թե ուրախանում ենք կամ հանգստանում, որ պարտքի դիմաց մեզանից չեն տանի հերթական գույքը: Տանեն, թե ոչ, բայց չէ՞ որ մենք չենք կարող ապրել անընդհատ պարտքով: Այսինքն՝ ապրել կարող ենք, բայց վայ այն ապրելուն:

Ի վերջո՝ մենք մեր սերունդներին պարտքերի կծիկ չենք պարտք, այլ պետություն: Եվ եթե այդ պետությունն այսօր գոյատևում է ընդամենը պարտքերով, որովհետև «էլիտա» կոչվող ինչ-որ մարդիկ յուրացնում են այդ պետության ռեսուրսներն ու չեն ուզում կյանքին որևէ հաճույք պարտք մնալ, կամ չեն ուզում կյանքը որևէ շքեղություն և զվարճանք պարտք մնա իրենց, վաղը մենք չենք կարող մարել մեր ամենագլխավոր պարտքը՝ սերունդներին փոխանցել ամուր և կայուն զարգացած պետություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular