Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը ցուցադրվելու է «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում։ Սերիալի հիմքում երեք զավակների պատմություն է, որոնց հասցեն ճակատագրով այդպես էլ չի գրվում:
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը սերիալում դրական կերպար է մարմնավորում. «Առաջին անգամ եմ նման կերպարում ներկայանում, միշտ եղել եմ կամակոր աղջկա բացասական դերում: Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է դերասանուհին:
Նոր հեռուստասերիալում հեռուստադիտողը լիովին ուրիշ Ժաննայի է բացահայտելու, իր համար էլ հետաքրքիր է այնքանով, որ բավականին խաղարկային կերպար է․ «Սերիալում կան դերասաններ, որոնց հետ առաջին անգամ եմ խաղում: Կառանձնացնեմ Հարություն Մովսիսյանին և Էմմա Մանուկյանին։ Ես առհասարակ նրանց հետ ծանոթ չէի: Շատ ուրախ եմ, որ նրանք են իմ խաղընկերները: Հարութը շատ լավ մարդ է և կադրից դուրս մենք շատ լավ զրույցներ ենք ունենում՝ բովանդակալից և օգտակար»:
Ստեղծագործական կազմի առաջարկով Ժաննան ոճային փոփոխություն է արել. «Առաջին անգամ փոխել եմ սանրվածքս․ հիմա ավելի կարճ վարսեր ունեմ: Մոտ ութ տարի է՝ միշտ ներկայացել եմ երկար վարսերով, բայց կարճ սանրվածքս անգամ որոշակի հոգեվիճակ է ստեղծում»:
Ժաննան նշում է, որ նոր նախագծի ընտրությունը կատարում է սրտով, իսկ այն հարցին՝ արդյոք եղե՞լ են կերպարներ, որոնք մարմնավորել է զուտ ֆինանսից ելնելով, դերասանուհին պատասախանում է. «Չեմ կարող ասել, որ միայն ֆինանսական առումով եմ համաձայնվել խաղալ, եղել են կերպարներ, որոնք խաղացել եմ ինչ-որ հանգամանքներից ելնելով»: