Բրնձով դիմակների բաղադրատոմսեր մաշկը գունաբացելու և թարմացնելու համար
ՖՈՏՈԲրնձի հիման վրա պատրաստված խնամքի միջոցները համարվում են լավագույններից մեկը, քանի որ շերտազատում են մաշկը, խոնավեցնում են, գունաբացում, սնուցում և ազատում կնճիռներից ու բշտիկներից: Զարմանալի չէ, որ բրինձը ներառվում է բազմաթիվ կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ, քանի որ այս բաղադրիչն օգնում է կարճ ժամանակում ազատվել ամենատարբեր մաշկային խնդիրներից:
Բրինձը հարուստ է վիտամին B1-ով, որը մաշկը ծերացումից պաշտպանող ու արյան շրջանառությունը կարգավորող հիանալի հակաօքսիդանտ է: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին B3, որը բարելավում է մաշկի վերին շերտերի վիճակը՝ նպաստելով խոնավության պահպանմանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրնձով լավագույն խնամքի միջոցները, որոնք պարզ են, հասանելի ու արդյունավետ:
Հակակնճիռային դիմակ
Այս դիմակը շատ օգտակար է ծերացող մաշկի համար: Այն ոչ միայն հարթում է կնճիռները, այլև ազատում է պիգմենտային հետքերից: Այս դիմակի համար հարկավոր է բրնձի ալյուր, որը պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձը լվանալ, չորացնել ու մանրացնել սրճաղացով:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ բրնձի ալյուր,
1 ձվի սպիտակուց:
Օգտագործման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար պարզապես հարկավոր է խառնել բաղադրիչները մինչև ստացվի թանձր մածուկ: Քսել այն մաքուր մաշկին, թողնել դիմակն ամբողջությամբ չորանա (20-30 րոպե), այնուհետև լվացվել սառը ջրով:
Գունաբացող դիմակ
Այս դիմակը կօգնի թարմացնել մաշկն ու բարելավել մաշկի երանգը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ բրնձի ալյուր,
1 թեյի գդալ մանրացրած վարսակ,
1 ճաշի գդալ կաթ (կարելի է փոխարինել կեֆիրով կամ յոգուրտով):
1 թեյի գդալ մեղր:
Օգտագործման եղանակը.
Խառնել բաղադրիչները մինչև ստացվի թանձր մածուկ և քսել այն դեմքի ու պարանոցի մաքուր մաշկին: Թողնել դիմակը 8-10 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: Կրկնել պրոցեդուրան շաբաթական երկու անգամ:
Դիմակ արևային այրվածքի դեմ
Այս դիմակը կօգնի բուժել արևից այրված մաշկն ու ազատվել չափազանց մուգ արևայրուքից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
2 ճաշի գդալ բրնձի ալյուր,
2 թեյի գդալ կակաո,
50 մլ սառը կաթ:
Օգտագործման եղանակը
Խառնել բրնձի ալյուրն ու կակաոն, այնուհետև ավելացնել կաթն ու շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: Օգտագործել դիմակն ամեն օր մինչև ցանկալի արդյունքին հասնելը:
Բրնձի տոնիկ
Այս տոնիկն օժտված է խոնավեցնող ու հակաբորբոքային հատկություններով: Այն հիանալի միջոց է շպարից առաջ ու այն մաքրելուց հետո մաշկը թարմացնելու և հանգստացնելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
½ բաժակ բրինձ,
250 մլ մաքուր ջուր (ցանկալի է եռացրած, բայց ոչ տաք):
Պատրաստման եղանակը.
Ջուրն ավելացնել բրնձին, թողնել 15-30 րոպե, այնուհետև քամել ու լցնել փոքրիկ շշի մեջ: Այն կարելի է քսել դեմքին բամբակյա սկավառակի միջոցով կամ պարզապես ցողել մաշկին: Մի քանի օր անց հեղուկի հոտը կսկսի փոխվել, ինչը նշանակում է, որ ընթանում են խմորման գործընթացներ և հեղուկն ավելի արդյունավետ է դառնում: Այս տոնիկը կարելի է օգտագործել 5 օր, որից հետո հարկավոր է պատրաստել թարմը: