Աղմուկ հանած հրաժարականներից հետո Արմավիրի մարզի 3 նախկին համայնքապետերը չէին առաջադրվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին Արմավիրի մարզի 3 համայնքում՝ Նորակերտում, Վարդանաշենում և Ապագայում տեղի ունեցան համայնքապետի արտահերթ ընտրություններ:
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1113 մարդ։ Ամենաշատ ձայնը ստացել է համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը՝ 623 քվե:
Թեկնածուներից Վալերի Դալօղլանյանը ստացել է 141, Աշոտ Դավթյանը 153, Արտյոմ Եփրեմյանը՝ 170 քվե։
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 ընտրողից ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ 331 քվեով, նրա մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե:
Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ 612 ձայնով:
Նրա մրցակիցներից Գրիգոր Մանուկյանը ստացել է 164, իսկ Գևորգ Մելիքյանը՝ 130 քվե։
Նշենք, որ այս համայնքի նախկին ղեկավարներն ամիսներ առաջ հրաժարական էին տվել անհայտ պատճառներով և նրանցից ոչ ոք չէր առաջադրվել այս ընտրություններում, քանի որ գտնվում են ԱՄՆ-ում:
Ապագա և Նորակերտ նախկին համայանքապետերին փոխարինած ժամանակավոր պաշտոնակատարներ Արման Պետրոսյանն ու Պետրոս Ավագյանն առաջադրվել էին։ Վերջինս տասը տարի է՝ աշխատում է գյուղապետարանում, բայց առաջին անգամ է առաջադրվելու համայնքապետի պաշտոնում։
Ինչ վերաբերում է Վարդանաշենի համայքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ազատ Գրիգորյանին, ապա նա չէր առաջադրվել, քանի որ Վարդանաշեն համայքնի բնակիչ չէր:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վարդանաշենի արդեն նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանի հրաժարականի պահանջով գյուղը 2 մասի էր բաժանվել և նա հրաժարական տվեց գյուղը չպառակտելու համար, քանի որ գյուղացիների բողոքները չէին դադարում:
Արմավիրի մարզի Ապագա գյուղի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանն անդամակցում էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը և 11 տարի ղեկավարել էր համայնքը: Իր լիազորությունները դադարեցնելու դիմումը նախկին համայնքապետը պատճառաբանել է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։