ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ փոխվարչապետի ակնարկն ու Արա Աբրահամյանի ձայնի ուղղությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ապրիլի 12-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում, դիմելով Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերին, գրել է. «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեք Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ, ձեզ չեն հասկանում Արցախում:
ԼՂՀ կառավարության կողմից սպառազինության ձեռք բերման համար բացված հատուկ հաշվի համարն է` 22300400153100 (ՌԴ ռուբլի)»:
Մյուս կողմից էլ, պարզվում է, որ ՌՀՄ կայքում տեղադրված տեղեկության համաձայն, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ապրիլի 4-ին ԱՄՆ-ում կայացած միջոցառան ժամանակ 100 հազար դոլար գումար է նվիրաբերել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից ձևավորած հումանիտար օգնության ֆոնդին: Նա նաև իր ելույթի ժամանակ կոչ է արել համայն հայությանը և հայկական կազմակերպություններին միանալ բարեգործական դրամահավաքին:
Նույն կայքում տեղադրված մեկ այլ ` «Հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական ԶԼՄ-ները ….» հոդվածում անդրադարձ է կատարվել հայկական ԶԼՄ-ներին, որտեղ անդրադարձ կա հայկական լրատվամիջոցների ձևավորած կարծիքին, թե միությունը ոչինչ չի անում: Նշվում է, որ դա թյուրըմբռնման հետևանք է և հայկական ԶԼՄ-ները համառորեն չեն ցանկանում տեսնել և խոսել այն հսկայական աշխատանքի մասին, որը վերջին 15 տարիների ընթացքում իրականացնում է ՌՀՄ-ն ընդհանրապես և հայերի համար այս դժվարին օրերին հատկապես:
Ամենևին կասկածի տակ չդնելով Ռուսաստանի և համայն հայերի միության գործունեությունը՝ մի պարզ հարց է ծագում, թե ինչպես է պատահում, որ հսկայածավալ գործերը նույնիսկ մանրադիտակով հնարավոր չի լինում տեսնել: Իսկ այն, ինչի մասին բարձրաձայնում են հայկական ԶԼՄ-ները, ոչ թե այս միության աշխատանքը հետևողականորեն սևացնելը կամ չեզոքացնելն է, այլ անկեղծորեն ներկայացնելը: Քանի որ ապրիլյան պատերազմական օրերի ընթացքում նույնիսկ այն երկրներից արձագանքներ եղան, որտեղի բնակիչները գուցե չիմանան, թե Հայաստանը կամ Արցախը քարտեզի վրա որտեղ է գտնվում, իսկ ողջ այդ ընթացքում Արա Աբրահամյանից որևէ ակնարկ անգամ չեղավ:
Այս դեպքում հարց է ծագում, թե այդ ի՞նչ բնույթի մտքեր է արտահայտում այդ միության հարգարժան նախագահը, որ նույնիսկ առանց միտինգների ու կոչերի նրա ուղերձները լսում են և´ Կրեմլում, և´ ադրբեջանական շրջանակներում, իսկ Հայաստանի և Արցախի պարագայում դրանք, չգիտես ինչու, ոչ մի կերպ չեն լսվում:
Ի դեպ, հանուն անկեղծության նշենք, որ անցած 15 տարիների ընթացքում ՌՀՄ կողմից նախաձեռնված և Հայաստանում կամ Արցախում իրականացված որևէ նախագիծ հիշելը բավականին բարդ գործ է, քանի որ դրանք կա´մ չկան, կա´մ էլ այնքան համեստորեն են իրականացվել, որ այդ մասին իմացել են բոլորը, նույնիսկ Կրեմլում ու ադրբեջանական շրջանակներում, բայց ոչ հայրենիքում և կամ Արցախում:
Դե ինչ, մնում է փաստել, որ հայկական ԶԼՄ-ները ոչ մի շահագրգռվածություն չունեն այս կամ այն գործչին մեծարելու կամ նրա արածն արատավորելու, պարզապես, երբ իրականում պարզ է դառնում, որ այս կամ այն կազմակերպության «անունը կա, սակայն ամանում ոչինչ չկա», առաջարկում են կատարած գործերը հասարակությանը ներկայացնել, որ բոլորն էլ իմանան, թե վերջին 15 տարիների ընթացքում իսկապես ինչ դարակազմիկ ծրագրեր է իրականացվել Արա Աբրահամյան անհատի և բավականին խոսուն անուն ունեցող կազմակերպության ղեկավարի կողմից:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular