Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով արդյունավետ են եղել. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս անկեղծ ասած չեմ հիշում, որ ԼՂ հարցի կարգավորման մասով լավատեսական տրամադրություն հաղորդած լինեմ: Ես միշտ ասել եմ՝ չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ, ցանկացած պահի կարող է բռնկվել և իրավիճակի լարում լինել: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատախսանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, իր համար ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից. «Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ է կիրառում, իսկ Հայաստանը պետք է դիմակայի դրան՝ նաև Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելով: Մեզ համար դիրքորոշումը հստակ է՝ ՀՀ-ն և Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասով Փաշինյանը կարևորեց համապատասխան մեխանիզմների առկայությունը, որոնք թույլ կտան ցույց տալ, թե ով է խախտում ռեժիմը:
ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով խոսել էր թեմայի մասին, ասաց, որ լավատեսությունը նկատել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ամփոփիչ հայտարարություններից:
Փաշինյանի խոսքերով, Ղարաբաղի հարցը պետք է նայել լայն կոնտեքստով, քանի որ դրան առանձին նայելը միշտ բերելու է սխալ հետևությունների. «Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբուքնների շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով արդյունավետ են եղել: Այսօր կոնկրետ արդյունքների մասին չեմ խոսի, բայց կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ գործել»: