ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական «փուչիկն» էլ պայթեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Բոլորի հիշողության մեջ էլ թարմ է այն աժիոտաժը, որը հեղափոխությունից հետո ի հայտ եկավ՝ կապված տարատեսակ տույժ-տուգանքների ներման կամ ներման խոստումների հետ: Ուշագրավ է, որ հեղափոխությունից մեկ տարի անց չկա նույն աժիոտաժը, հեղափոխական էյֆորիան իր տեղը զիջեց դատարկ բյուջեին, որն էլ անհրաժեշտ է ամեն գնով լցնել: Նորանոր տույժ-տուգանքները կարծես թե հենց այդ խնդրի լուծմանն էլ միտված են: Օրինակ, վարչապետը ժամանակին պարծենում էր, որ բանկերը համաձայնել են ներել քաղաքացիների անհուսալի վարկերը, և դա ներկայացնում էր իբրև հեղափոխության հաղթանակի առաջին «ծիծեռնակ»:
 
Այսօր, սակայն, բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ: Միայն տարեսկզբի չորս ամիսներին բանկերի երկարաձգված վարկերի պորտֆելը համալրվել է 15 մլրդ դրամով։ Եթե անցած տարվա վերջին այն կազմում էր 88 մլրդ դրամ, ապա արդեն այս տարվա ապրիլին՝ այն գերազանցել է 103 միլիարդը:
 
Բանկերից հետ չի մնում նաև ՃՈ-ն. սկզբնական շրջանում ներված տույժ-տուգանքներին եկավ փոխարինելու բյուջեն ամեն գնով լցնելու քաղաքականությունը: «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել, և մայիսի 5-ից վարորդները տուգանվում են 5000 դրամի չափով: Բացի այդ, անցում է կատարվել տուգանքների բալային համակարգին:
 
Այս երկու օրինակները գալիս են փաստելու, որ հեղափոխությունից հետո իշխանությունների փչած այս մի փուչիկն էլ պայթեց՝ բացահայտելով իրական մոտեցումը քաղաքացիների սոցիալական խնդիրներին: Այլևս կառավարությանը չի հետաքրքրում, թե ինչպիսի հարկային բեռի տակ են ճգնում հպարտները կամ ինչպիսի սոցիալական խնդիրների են բախվում, երբ նորանոր տուգանքները հարվածում են ամենախոցելի խավերի գրպաններին…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular