ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը վաղը հրաժարական կտա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․
Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաղը խորհրդակցություն է հրավիրել, ըստ էության` հրաժեշտի: Վաղը, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը:

Հանրապետականի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը խուճապ են առաջացրել Կառավարությունում: Մեր տեղեկություններով՝ այս մասին Կառավարության կուլիսներում քննարկումները չեն դադարում, սակայն ոչ ոք չի համարձակվում շեֆին հարցնել ապագայի մասին: 2 օր առաջ վարչապետը մինչև 24:00 եղել է Կառավարությունում:

Այժմ Կառավարության անդամները, նախարարությունների աշխատակիցները քցում-բռնում են, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալով և Կառավարության ամբողջ կազմի հրաժարականից հետո ովքեր կվերանշանակվեն իրենց պաշտոններում, իսկ ովքեր կհեռանան: Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի թիմակիցները հույս ունեն, որ հանրապետականի նախընտրական շտաբը կառավարելուց հետո Արգամիչը կվերադառնա և մի յուղոտ պաշտոն կստանա:

Փոխարենը «մե խինդ, մե ուրախություն» է Կարեն Կարապետյանի հարազատ թիմում: Թե նրա ծննդավայրում, թե նրա հարազատ աշխատավայրում՝ «Գազպրոմում», բուռն աժիոտաժ է. բոլորը խառն են և սպասում են շեֆի հաղթական վերադարձին:

Այլ հարց է, որ Կարեն Կարապետյանը լինելու է միջանկյալ վարչապետ մինչև 2017 թ.-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո նոր Կառավարության ձևավորում:
Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով ունի ՀՀ քաղաքացիություն և վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է՝ այս պարագայում Կարեն Կարապետյանին նոր պաշտո՞ն կառաջարկեն, թե օրենքը շրջանցելու ձև կգտնեն:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2001-2010 թթ եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը։ Դրանից հետո` ընդամենը մեկ տարի նա աշխատել է Երևանի քաղաքապետ: Սակայն կասկածելի հանգամանքներում հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից եւ գնաց ՌԴ` դառնալով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular