ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտարից արդարություն պահանջելուց առաջ այն պետք է հաստատել նախ սեփական երկրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին, երբ հասարկությունն ակտիվորեն քննարկում է ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հարձակում գործելու և հայկական կողմից պատասխան հարված հասցնելու մանրամասները, պարզ է դառնում, որ իրականում ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ լիներ, եթե իշխանությունները ժամանակին բարձրացված շատ ու շատ հարցեր ոչ թե շրջանցեին, այլև քաղաքական կամք դրսևորեին ու դրանց լուծում տային:
Անցած օրերը ևս մեկ անգամ փաստեցին, որ սահման պահողը ոչ թե դղյակներում ծվարած «ոսկե» երիտասարդությունն է, այլ սեփական քրտինքով քարից հաց քամող սովորական հայ մարդու զավակը: Ու այս ֆոնին, ժամանակն է, որ հայրենիքի համար իր կյանքը զոհած ցանկացած զինվորի ընտանիք կոնկրետ գործերով ու քայլերով տեսնի ու իր մաշկի վրա զգա, որ հայրենիքը ոչ թե խոսքով է իր կողքին է, այլ կոնկրետ գործով:
Վերջին օրերին սահման մեկնող կամավորները ևս մեկ անգամ հաստատեցին, որ երկիրն իրենցով կարող է միայն հզոր ու հպարտ լինել, բայց իրականում հզոր հայրենիք ունենալու համար դեռ պետք է լուրջ հետևություններ անել:
Այս օրերին էլ հասարակությունը իր բողոքի ալիքի վեկտորն ուղղել է Ադրբեջանին զենք վաճառողի դեմը՝ մոռանալով, որ Հայաստանն էլ կկարողանար ավելին ունենալ, եթե ժամանակին ոչ միայն բռներ իր երկիրը թալանողի ձեռքը, այլև ամեն ինչ աներ, որ կոռուպցիա կոչվող հրեշն այդքան հիմնովին չտեղավորվեր մարդկանց ուղեղներում:
Ինչո՞ւ պիտի օտարը մեզ հարգի ու մեզ հետ հաշվի նստի, եթե երկրի ներսում չկա տարրական համերաշխություն, միաբանություն և միասնություն ասվածը: Երբ մեկն իր օրվա հացը չի կարողանում վաստակել, իսկ ոմանք էլ հասցրել են այնքան հարստություն դիզել, որ թոռից թոռ, ծոռից ծոռ ուտեն, էլի չի վերջանա:
Այսքանից հետո նախ՝ պետք է մտածել մկրատի ծայրերը քիչ-քիչ իրար մոտեցնելու մասին: Հային ողորմություն պետք չէ, հային արժանապատիվ աշխատելու և ապրելու հնարավորություն է պետք տալ: Այդ դեպքում երկիրն էլ շեն կլինի, սահմանը՝ ամուր, իսկ ժամանակի հերոսը ոչ թե ուրիշի փողերով հարստացածը, այլ իր սեփական քրտինքով ստեղծող, արարող ու ապրող հայ մարդը:
Իշխանություններն այսօր կանգած են նոր ու կարևոր երկընտրանքի առջև՝ կա´մ կրկին նույն ոճով շարունակել ցույց տալ, թե իբր ամեն ինչ լավ է, կա´մ էլ բարձրաձայն խոստովանել, որ ռազմի դաշտից մինչև յուրքանչյուր հայի օջախի չկայության պատճառը սեփական իշխանությունների կողմից թույլ տված կոպիտ սխալների պարզ հետևանքն է:
Ու եթե մեր իշխանություններին այսքան տարի հետո էլ դեռ չի հաջողվում իր հայրենիքում արդարություն հաստատել, ապա որքանո՞վ այն իրավունք ունի օտարից պահանջել նույն արդարությունը: Այստեղ իրականում գործում է բումերանգի օրենքը, որն ավելի դաժան է, քան կարելի է պատկերացնել:
Օտարն էլ է տեսնում, թե որքան արժե նույն արդարությունն այդ երկրի ներսում և նույն գնով էլ ինքն է վաճառում իր «արդարությունը» այդ երկրում: Բումերանգի էֆե՞կտ, թե՞ սեփական ձեռքերով ցանածի բերքահավաք, արդեն կարևոր չէ, հետևանքը նույնն է՝ խաբողին խաբում են, վաճառվելուն պատրաստ կանգնածին՝ վերավաճառում, իսկ գնային քաղաքականությունն էլ նման դեպքերում հիմնականում որոշվում է միազգային շուկայի չափանիշներով:
Հիմա ժամանակն է մի պահ կանգ առնել ու հստակ որոշել՝ շարունակում ենք խաբելով ապրե՞լ, թե՞ որոշում ենք արդարության ուղին բռնել: Երկու ճանապարհն էլ կա, մնում է այն ընտրել և իշխանությունների ընտրությունից արդեն կախված կլինի հասարակության արձագանքը, քանի որ այլևս նման ձևով շարունակել չի լինի:

 

Արմինե Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular