ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությունն Ավստրալիայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության լրատվության բաժինը:

Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել Արցախի հետ Ավստրալիայի հայ համայնքի կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

 

Նույն օրը Արցախի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելել են Սիդնեյի «Համազգային Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարան», որտեղ ծանոթացել են կրթօջախի պայմաններին և գործունեությանը։ Ճեմարանում պատվիրակության պատվին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Պատվիրակությունն այցելել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան:

Նույն օրը Ավստրալիայի «Հայ Դատի» հանձնախմբի գրասենյակում կայացել է հանդիպում հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը: Երեկոյան «Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարանի» սրահում Ավստրալիայի հայկական մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։

Ողջունելով պատվիրակությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու աջակցել Արցախի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման ընթացքում Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման կարևորությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular