ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անակնկալ է մատուցելու ՀԱՊԿ-ը Հայաստանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար, ներկայումս դե յուրե նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Բորդյուժայի փոխարեն:

Որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հոկտեմբերից դառնալու էր Հայաստանի ներկայացուցիչը՝ մի քանի օր առաջ հայտարարել էր ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սակայն նա ասել էր, թե մասնավորապես պաշտոնը ստանձնող գործչի անուն չի կարող նշել: Հայաստանում դրանից հետո եղավ կառավարության փոփոխության մասին հայտարարություն, և մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ փոխվելու է նաև պաշտպանության նախարարը:

Հանգստյան օրերին Սեյրան Օհանյանը իր փոփոխության մասին լրագրողների հարցին պատասխանել էր, որ պետք է սպասել: Ինչպես վկայում է այդ հայտարարությանը հաջորդած «Ինտերֆաքսի» տեղեկատվությունը, Հայաստանի պաշտպանության նախարարը կարծես թե, այնուամենայնիվ, կփոխվի:

Այսպիսով՝ անվտանգության կամ պաշտպանության ոլորտում հասունանում է երկու առանցքային իրողություն՝ պաշտպանության նախարարի փոփոխություն, իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում դա առանցքային հանգամանքներից մեկն է, և ռազմաքաղաքական դաշինքում Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակում, իսկ աշխարհաքաղաքական առանցքային դիմակայության պայմաններում դա արդեն ստանում է միջազգային մասշտաբի նշանակություն:

Ահա այս երկու իրողությունները առաջ են բերում հարցեր, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ոչ միայն պաշտպանունակության, այլ նաև ընդհանրապես միջազգային հեռանկարների առումով: Երբ Հայաստանի ներկայացուցիչը ստանձնում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա դա նշանակում է ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության որոշակի բարոյաքաղաքական աստիճանի աճ: Այսինքն՝ եթե մինչ այս Հայաստանը ՀԱՊԿ-ում դիտվում էր ընդամենը անհրաժեշտությունից և մի շարք հանգամանքներից ելնելով ստիպված անդամակցող, ապա այժմ Հայաստանը ըստ էության առնվազն դե յուրե ներկայացվում է որպես դերակատար, պատասխանատու անդամ, որը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Սա, իհարկե, ֆորմալ առումով չի ենթադրում որևէ ավելի պատասխանատվություն, սակայն որ Հայաստանի պատասխանատվությունն ավելացնում է՝ կասկածից վեր է:

Իսկ այս առումով կան խնդիրներ, եթե նկատի առնենք այն, որ աշխարհաքաղաքական Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում Ռուսաստանը ձգտում է իր դիրքերը դասավորել ՆԱՏՕ-ի հանդիպման: Եվ այստեղ արդեն Հայաստանի պատասխանատվության մեծացումը ՀԱՊԿ շրջանակում, ըստ էության, մեծացնում է նաև Հայաստանի «սուբյեկտությունը» ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի դիմակայության գործընթացում: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է մեծացել սուբյեկտությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ոչ թե ՆԱՏՕ-ի հետ դիմակայության գործընթացում:

Մյուս կողմից, այս իրողությանը զուգահեռ, երկրի պաշտպանության նախարարի փոփոխության մասով հարց է առաջ գալիս, թե ինչքանո՞վ է այդ փոփոխությունը ևս ծառայեցվելու այն գլոբալ իրողությանը, որ կարող է արձանագրվել Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելով: Այս պարագայում հայկական պաշտպանական ոլորտում ենթադրվող նոր քաղաքականությունը լինելու է ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության՝ այս դեպքում անցանկալի ավելացման հակակշի՞ռը, թե՞ շարունակությունը:

Այստեղ հարցերը հրատապ են հատկապես մի քանի համաձայնությունների պայմաններում, որոնք կարծես թե հանդիսանում են հայկական զինուժի սուբյեկտության ռիսկ: Օրինակ՝ հայ-ռուսական միացյալ խմբավորման շուրջ համաձայնությունը, որը պատրաստվում է ստորագրման, և որը ենթադրում է թվակազմի ու լիազորությունների փոփոխություն: Եթե սրան գումարվում է նաև համատեղ ՀՕՊ-ը, ինչպես նաև խաղաղապահ իր զորակազմի համար միջազգային մանդատ ապահովելու ՀԱՊԿ-ի վերջին շրջանի ակտիվությունը, իսկ խաղաղապահ առաքելությունը Հայաստանի զինված ուժերի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամենաարդյունավետ ուղղություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը, ապա այստեղ իսկապես առաջ են գալիս մտահոգիչ հեռանկարներ առ այն, որ փորձ է արվում «սեպ» խրել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, ըստ որում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելով՝ այդ «սեպը» փորձ է արվում խրել հենց Հայաստանի իսկ ձեռքով:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular