Հրապարակվեց «WCIT 2019»-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները
ՄՇԱԿՈՒՅԹՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:
«Ընդհանուր առմամբ ունենք 59 հաստատված բանախոս, և նրանց թիվն ամեն օր ավելանում է: Համաժողովի հիմնական բանախոսներից են բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, ձեռնարկատեր, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ, «Twitter», «Tumblr», «Venmo», «Uber» ընկերությունների ներդրողներից մեկը՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկը, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին և ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն»,- ասաց Եսայանը և հավելեց, որ շաբաթը մեկ անգամ կհրապարակեն նոր բանախոսների անունները:
«WCIT 2019»-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. Ակնկալիք և վտանգ»:
«Համաժողովի ընթացքում հանգամանորեն քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, թե՛ դրական և, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը: Կխոսվի նաև, թե ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա»,- նշեց համաժողովի կազմակերպիչը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ մոտ 70 երկրից:
«Կոնֆերանսի ընթացքում ամեն օր լինելու են ստարտափեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև Հայաստանից, որոնք դիմելու են մեզ, և մենք զտելու ենք և ներկայացնենք ներկաներին: Ունենք ընդհանուր բյուջե ՝ 100 հազար ԱՄՆ դոլար և մրցույթ կհայտարարվի, ինչի արդյունքում կլինեն հաղթողներ»,- ասաց Եսայանը:
Նա նաև ընդգծեց, որ հոկտեմբերի 6-ին՝ համաժողովից առաջ, լինելու է համերգ, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին:
Համաժողովն արդեն տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրվել են երաժիշտներ, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Լինելու է 70 երաժիշտ 16 երկրի և 30 երաժիշտ՝ Հայաստանից:
«Նվագախումբը կատարելու է այդ 16 երկրի տարբեր երաժշտություններ և կլինի նաև 17-ը՝ հայկական, կլասիկ ոճի: Այդ ամենից հետո մենք առաջին անգամ կհայտարարենք արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով, որը կատարվելու է օնլայն ռեժիմով: Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը»,- շեշտեց Եսայանը:
Ավելի վաղ հրապարակվել են նաև մի շարք այլ բանախոսների անուններ՝ «Reddit»-ի և «Initialized Capital»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի նախագահ Վահե Թորոսյանը, «Սիմենս»-ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:
«WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-նն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: «WCIT 2019»-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգինաերի ձեռնարկությունների միությունը: