ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա արդեն ծիծաղելի էլ չէ, այլ վտանգավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կազմակերպած երևանյան համաժողովում, որը վերաբերել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարին, ՆԱՏՕ-ին հետաքրքրական «խորհուրդներ» է տվել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն իհարկե պրոդուկտիվ է, սակայն անվտանգության մի շարք հարցերում ՆԱՏՕ-ն դեռևս չի առաջարկում բավարար արդյունավետ տարբերակներ: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ, օրինակ, ՆԱՏՕ-ն չի զսպում միջազգային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրները, և նա մասնավորապես բերել է Թուրքիայի օրինակը, որը երկար ժամանակ եղել է ԴԱԻՇ-ի ֆինանսավորողը:

Կորյուն Նահապետյանը իհարկե բարձրաձայնել է ճշմարտությունը՝ Թուրքիայի և ԻԼԻՊ կապի մասով, սակայն երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին «խորհուրդներ» տալուն կամ Թուրքիայի օրինակներ մատնանշելուն, հայաստանյան իշխանության միջին վիճակագրական ներկայացուցիչներին պարտադիր չէ «առյուծի սիրտ» ունենալ:

Ավելին՝ երբ նրանք մատնանշում են նման օրինակներ, ապա հայտնվում են առավել ծիծաղաշարժ վիճակում, քանի որ նույն այդ ներկայացուցիչները խորապես լռում են, երբ նույն այդ ԴԱԻՇ-ի ֆինանսավորող Թուրքիայի հետ եղբայրություն է կառուցում այն ռազմա-քաղաքական միջավայրը, որի հետ իրենք կապել են Հայաստանի ճակատագիրը՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև Ռուսաստանի տեսքով:

Եվ այս առումով առաջանում է մի պարզ հարց՝ Կորյուն Նահապետյանը կամ Հայաստանի խորհրդարանական և գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ կես բառ անգամ կհամարձակվե՞ն «խորհուրդ» տալ Ռուսաստանին, որ մի քիչ սահմանափակի ԴԱԻՇ-ին ֆինանսավորող Թուրքիայի հետ իր շփումները, այդ թվում նաև եվրասիական ձևաչափով:

Թեև անգամ նման հայտարարությունները Հայաստանը չեն հանի ծիծաղելի վիճակից, երբ պետությունը խցկել են մի դաշինք՝ որտեղ եղբայրական հարաբերություններ է կառուցում Թուրքիայի հետ, սակայն մեկ այլ դաշինքից են դժգոհում, որ չի զսպում Թուրքիային:

Ռազմա-քաղաքական դաշինք ՆԱՏՕ-ին ինչ-որ «խորհուրդներ» են տալիս մարդիկ, որոնց ռազմա-քաղաքական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ գործընկերը միլիարդավոր դոլարների ռազմական հարձակողական տեխնիկա է մատակարարում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, և անգամ Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիվ գործողություններից և քառօրյա պատերազմից հետո չի դադարեցնում այդ մատակարարումներն ու կնքում է նորանոր համաձայնագրեր:

Թեև սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ խիստ վտանգավոր, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական և անվտանգային մեղսունակության-անմեղսունակության խնդրին՝ դժբախտաբար, ոչ հօգուտ առաջինի, ոչ միայն չի կարող նպաստել Հայաստանի մարտահրավերների չեզոքացմանը, այլև ուղղակի մարտահրավեր է Հայաստանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular