«Վտանգները շատ առարկայական են, ընդ որում՝ չի թաքցվում քաղաքականությունն ու նպատակը»․ «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ընտրված թիրախների դեմ իրականացվող արշավը՝ լինեն դրանք արժեքների, թե անձերի տեսքով, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանի կարծիքով, տեղավորվում են մեկ ընդհանուր տրամաբանության ու քաղաքականության մեջ:
«Եթե մեղմ ասեմ՝ ակնհայտ է, որ կա արժեքային ընկալումների տարբերություն: Իսկ եթե բուն խնդրի մասին խոսենք, կտեսնենք, որ իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման և նմանատիպ խնդիրների ընկալում չունի և չի էլ ունեցել: Փաբերում կրթված, օտար գրանտներով սնված և մշտապես պետությունը վարկաբեկող մադկանց մի թիմ է, որն այսօր ստանձնել է երկրի ղեկը:
Հետևաբար, դրանից բխող իրենց մոտեցումներն արտացոլում են հենց այն դաստիարակությունը և այն երևույթները, որոնցով իրենք մշտապես են առաջնորդվել:
Նրանք ատում են, օրինակ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին՝ իր դավանաբանությամբ, իր հավատքով, իր Աստծով ու ժողովրդով հանդերձ, ինչն ակնհայտ է իշխանության բոլոր մակարդակներում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վերջին օրինակը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ սկսված արշավն է:
«Ատում են պաշտանողական համակարգը, ինչը երևում է այն հետապնդումներից ու այն մոտեցումներից, որոնք ցուցաբերում են հրամանատարների, ինչպես նաև հերոսների նկատմամբ: Եվ այսպես շարունակ. բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով այդ ամենն ակնհայտ երևում է:
Սա իսկապես տեսակի պայքար է, և այդ տեսակի պայքարի մեջ ժամանակավոր հաջողություն ունի ժողովրդի մեջ նստած ամբոխային տրամաբանությունը:
Ավելի շուտ՝ այդ ամբոխային տրամաբանությանը հեծնած քաղաքական թիմը, որը կարողացել է ժողովրդի լռության, անտարբերության կամ, միգուցե, հոգնածության արդյունքում ստեղծված տրամադրություններն այլ նպատակների ուղղել:
Այդուհանդերձ, դա ժամանակավոր երևույթ է:
Որքան իրենք ավելի են սաստկացնում իրենց պայքարն ավանդական արժեքների, այդ արժեքները պահպանող անձանց դեմ, լինի հոգևորական, գիտնական, թե արվեստի գործիչ, այնքան ժողովուրդն ավելի շուտ է հասկանում ու տեսնում, որ տուրք չի տվել այն տրամադրություններին, որոք բխում են մեր շահերից:
Այսպես ասած, դիվահարված գաղափարների ազդեցության տակ են ընկել»,-նշեց մեր զրուցակիցը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, նկարագրվածը կործանման ամենակարճ ու ամենաարագ ճանապարհն է:
«Երբ խարխլվում են արժեքները, երբ հասարակության փարոսները կործանվում են, ու դրանց տեղն անհասկանալի ինչ-որ բաներ են դրվում, ապա դա կործանման ամենակարճ ճանապարհն է:
Իրականում վտանգները շատ առարկայական են, նյութական ու տեսանելի: Ընդ որում՝ այդ քաղաքականությունը չի էլ թաքցվում:
Չի թաքցվում այն նպատակը, որ եկել են քանդելու այն ամենը, ինչը գոյություն ուներ Հայաստանում՝ սկսած պետական ինստիտուտներից, վերջացրած այն հանգամանքներից, որոնք ավելի շատ հոգեբանական կամ ոգեղեն տիրույթում են:
Օրինակ՝ հիմա դատական համակարգը ոչնչացնելու և իրենց կամքին ենթարկեցնելու կռիվ է գնում:
Բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը չի թաքցվում: Երկրի ղեկավարները կանգնում ու բաց տեքստով հայտարարում են, թե էս չի՞ ձեր հերոսը, էս չի՞ ձեր եկեղեցին, հոգևորականը և այլն:
Այսինքն, թիրախներն անգամ չեն էլ կոծկվում: Ամեն ինչ հասել է այն աստիճանի, որ այդ կործանման ճանապարհը ոչ միայն չի թաքցվում, այլ բարձրացված է իշխող թիմի քաղաքականության մակարդակին»,-շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով, դեպքերն ու զագացումները կարող էին տարբեր գործընթացների համատեքստում դիտարկվել, եթե գործ ունենայինք մեկ, երկու, թեկուզ երեք դեպքի հետ:
«Բայց այդ ամենը տեսնում ենք ամեն օր:
Եվ այս պարագայում, ներողություն, բայց մարդը պետք է անմեղսունակ լինի, որ կարծի, թե այդ ամենը պատահականություն է:
Կան երևույթներ, որոնք չափազանց ակնհայտ ու բաց են. կործանման քաղաքականությունը հստակ ուրվագծված է:
Պարզ է, որ սա նպատակաուղղված և հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է, որի վերջնարդյունքը պետական ինստիտուտների կործանումն է, ինչպես նաև արժեքների կորուստը»,-ընդգծեց Հ. Մ. Շահնազարյանը:
Այդուհանդերձ, քաղաքագետը բացառում է, որ, ի վերջո, չի գերակայելու այն առողջ մթնոլորտը, որն անհրաժեշտ է:
«Կարծում եմ՝ ինչ-որ մի պահից սկսած՝ կգա այդ պահը, թեպետ կարելի է ասել, որ այդ պահն արդեն եկել է: Շատ հատվածներում ակնհայտ է, որ հասարակությունը սկսել է գիտակցել, թե ինչն է խնդիրը:
Հաջորդ փուլին հասարակությունը դեմ է կանգնելու այդ խնդրին և լինելու է ինչ-որ ներքին ըմբոստություն, այդ ամենից ձերբազատվելուն ուղղված պայքար և, ի վերջո, հաղթանակ:
Մենք մի խնդիր ունենք, որն ավելի շատ մենթալիտետի մակարդակում է. մեր ժողովուրդը չափազանց լավատես է, և անգամ ամենավտանգավոր իրողություններում, մինչև դանակը ոսկորին չհասնի, գործում է «լավ կլինի» տրամաբանությամբ:
Հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Հասարակության այն հատվածը, որը գրեթե երկու տարիների ընթացքում լուռ էր, սկսել է ըմբոստանալ, սկսել է խոսել, բարձրաձայնել խնդիրների մասին»,եզրափակեց քաղաքագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում