ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը ներկայացրել է նոր գլխավոր դատախազին. Արթուր Դավթյանն ունի փորձ ու կամք (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն եւ ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ ներդրած ջանքերի համար, նշելով, որ այս ընթացքում Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում, ինչպես նաեւ հանցագործությունների եւ չարաշահումների դեմ պայքարում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ դատախազության համակարգում:

Նախագահը հաջողություններ է մաղթել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ նրա գլխավորությամբ դատախազության աշխատակիցներին՝ աշխատանքներն ավելի ակտիվացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արթուր Դավթյանն ունի համապատասխան գիտելիքներ, փորձ, կամք, որպեսզի մեր երկրի համար այս վճռական փուլում կարողանա դատախազության աշխատակիցների օժանդակությամբ նոր հաջողություններ արձանագրել: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է բոլորի ջանքերի համատեղումն ու դատախազության աշխատանքին նոր լիցք հաղորդելը, նշելով, որ որեւէ երկրում չեն կարող լինել հաջողություններ տնտեսության ոլորտում, հասարակական-քաղաքական կյանքում, եթե դատաիրավական համակարգում առաջընթաց չլինի:

Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքին տված գնահատականի համար, հավաստիացնելով, որ մեկ քայլ առաջ հնարավոր է եղել արձանագրել դատախազության բոլոր աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում: Նախկին գլխավոր դատախազը համոզվածություն է հայտնել, որ այսուհետ եւս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ եռանդով կշարունակվեն մեր երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները եւ հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերված բարձր վստահության համար: Նա հավաստիացրել է, որ դատախազությունում ձեւավորված թիմը քաջ գիտակցում է երկրի առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ դատախազության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման կարեւորությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի գտնի դրանց լուծման ավելի արդյունավետ ճանապարհներ եւ արդարացնի բոլորի սպասումները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular